Ձյունանուշը

Ձյունանուշը

Երբ Լիլիթը մտավ խոհանոց, տատիկը զարմացավ.

– Ինչո՞ւ ես այդքան շուտ արթնացել, Լիլիթ ջան, գնա, գնա մի քիչ էլ քնիր:

– Չեմ ուզում, տատի,- ուրախ ասաց Լիլիթը:- Նայիր լուսամուտին ու տես, ախր ձյուն է եկել, ձյո՜ւն…

-Հա, գիտեմ, գիշերը ձյուն է եկել, բալիկ ջան: Ես էլ եմ ուրախացել:

Լիլիթը մոտեցավ պատուհանին եւ հպվեց ապակուն:

– Դու գիտե՞ս, տատի, թե որտեղ է ապրում Ձմեռ պապին:

– Անտառում, իր թոռնիկի՝ փոքրիկ Ձյունանուշիկի հետ:

– Գեղեցիկ է, չէ՞, Ձյունանուշիկը:

– Շատ:

– Իսկ դու տեսե՞լ ես նրան, տատ:

– Տեսել եմ: Քեզ նման գեղեցիկ է, միայն քո մազերը սեւ են, իսկ նրանը՝ ոսկեգույն եւ երկար, նրա շորերը ոսկեթել են:

– Ով է գնել նրա ոսկեթել շորերը:

– Ձմեռ պապն է նվիրել նրան:

Լիլիթը մատը դրեց շուրթերին, մտածեց-մտածեց ու ասաց.

– Տատի ջան, Ձմեռ պապին, թող ինձ էլ այդպիսի շորեր ուղարկի: Չէ՞ որ ես էլ եմ նրա թոռնիկը:

– Լավ,- համաձայնեց տատը,- ես նրան կխնդրեմ, բայց դու գնա, գնա քնիր;

Քնեց ու, ահա, ինչ երազ տեսավ: Զարդարված տոնածառ, կողքին կանգնած է գորշ գայլը նապաստակի հետ: Ահա եւ Ձմեռ պապիկը, որ ուրախ իրեն է նայում: Հետո Ձմեռ պապիկը Լիլիթին կանչեց իր մոտ: Լիլիթը մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքը…Ահա ինքը Ձմեռ պապիկի հետ սահնակ նստած՝ սլանում են ճանապարհով: Ահա նրանք անտառի մեջ են…Մի քիչ էլ գնացին ու մտան ձյունե մի պալատ: Սրահի մեջտեղը դրված է մի ուրիշ մեծ տոնածառ՝ զարդարված բազմաթիվ խաղալիքներով: Տոնածառի գագաթին կարմիր աստղս է փայլում: Լիլիթը հիացմունքից թռվռաց ու սկսեց երգել.

Տոնածառ ջա՛ն, տոնածա՜ռ.

Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ պայծառ…

Նրան մոտեցավ կապույտ աչքերով մի աղջիկ.

– Ես գիտեմ դու Լիլիթն ես: արի միասին խաղանք:

Նրանք խաղացին երկար: Աղջիկը դուրս եկավ սրահից ու քիչ հետո վերադարձավ Ձմեռ պապիկի հետ, ձեռքին մի մեծ փաթեթ:

Ձմեռ պապին ասաց.

– Այս փաթեթը ես եւ իմ թոռնիկ Ձյունանուշիկը քեզ ենք նվիրում, Լիլիթ ջան, վերցրու:

Լիլիթը բացեց փաթեթը: Իսկ փոքրիկ փաթեթի մեջ ոսկեթել զգեստներ էին եւ փայլուն կոշիկներ: Աղջիկը հրճվանքից համբուրեց Ձյունանուշիկին ու հագավ դրանք: Հետո ինքն ու Ձյունանուշը պարեցին: Հանկարծ Լիլիթը սայթաքեց ու վայր ընկավ…

Լիլիթն արթնացավ, նայեց չորս կողմն ու …ոչ Ձմեռ պապիկը կար, ոչ էլ Ձյունանուշիկը…Լիլիթն ուզեց տզզալ, բայց ներս մտավ տատը՝ ձեռքին մի մեծ , շատ մեծ փաթեթ: Դրա մեջ ոսկեթել զգեստներ կային Լիլիթի համար, փայլուն կոշիկներ ու շատ-շատ խաղալիքներ:

Սա արդեն երազ չէր…

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում