Խռովկան Անահիտը

Խռովկան Անահիտը

Անահիտը շատ խռովկան էր: Խռովում է տատիկից, մայրիկից, անգամ իր սիրելի փիսիկից: Երբ Անահիտը խռովում է, փիսիկը տխուր մլավում է ու մի կողմ քաշվում: Մի անգամ Անահիտը պատահաբար կոտրեց տատիկի սիրելի ափսեն: Նա չտխրեց, այլ ափսեի կտորները թաքցրեց պահարանի տակ, որ ոչ ոք չտեսնի: Եկավ տատը, շատ դեսուդեն ընկավ Անահիտը: Սակայն ափսեն չկար ու չկար…

Տատիկը վշտացավ, կանչեց Անահիտին.

– Բալիկ ջան, դու չե՞ս տեսել կապույտ շրջանակներով մեր ափսեն:

– Կոտորվել է:

– Ինչպե՞ս,- զարմացավ տատիկը:- Ո՞վ է կոտրել:

– Փիսիկը:

Իսկ Փիսիկը անմեղ քնած էր բազմոցի վրա:

– Ո՞նց թե,- վրդովվեց տատը:- Փիսիկն ինչպե՞ս կարող էր կոտրել ափսեն:

– Կոտրեց, էլի,- ուսերը թոթվեց Անահիտը:

Տատը զարմացավ՝ ինչո՞ւ է Անահիտը ձիգ կանգնել պահարանի առաջ ու չի շարժվում:

– Իսկ դու տեսա՞ր, որ Փիսիկը կոտրեց ափսեն:

– Այո, տեսա, տատի ջան, Փիսոն կոտրեց:

– Իսկ ինչո՞ւ ինձ չասացիր:

Անահիտը աչքերը հառեց գետնին, ավելի հպվեց պահարանին:

Տատը նայեց պահարանի տակ եւ ի՜նչ տեսնի՝ ափսեի կտորները թաքցված են այնտեղ:

– Վա՛յ,- զարմացավ նա,- ո՞վ է տեսել, որ կատուն կոտրած ափսեի կտորները թաքցնի պահարանի տակ: Էս ինչ հրաշք է, քոռանամ ես…

Եվ հանկարծ Անահիտը լաց եղավ: Տատը, որ ամեն ինչ հասկացել էր, հանդիմանեց նրան սուտ խոսելու համար:

– Դա բոլորովին լավ բան չէ,- ասաց տատիկը:

Անահիտը լսեց-լսեց նրան եւ… իր սովորության համաձայն, իսկույն խռովեց նրանից: Փիսիկը մոտեցավ քսվեց աղջկա ոտքերին ու սկսեց մռլտալ: Անահիտը ոտքով մի կողմ հրեց նրան:

– Մի մոտեցիր ինձ, քեզ չեմ սիրում:

Փիսիկը տխուր հեռացավ: Անահիտը գնաց պառկեց բազմոցին եւ քնեց…: Քնեց ու երազում ամեն ինչ տեսավ…Ահա ինքը քայլում է ամայի փողոցներով. ոչ մարդ կա, ոչ էլ մեքենա: Ոչինչ չկա: «Ինչ լավ է,- շշնջաց նա:-Ինչ լավ է, այստեղ ոչ ոք չկա»:

Այսպես գնում էր նա իր համար, երբ նկատեց Փիսիկը գալիս է իր ետեւից: Բարկացավ նրա վրա.

– Ինչո՞ւ ես գալիս, ետ գնա, ես չեմ սիրում քեզ:

Փիսիկը միայն տխուր մլավեց: Նրանք այնքան քայլեցին ամային փողոցներով, որ Անահիտը քաղց ու հոգնածություն զգաց: Նա Փիսիկին ասաց.

– Փիսո ջան, արի գնաք խանութ, գուցե ուտելու բան գտնենք:

Աղջիկը մոտեցավ խանութին, բայց խանութի դռներն իսկույն փակվեցին: Նա ոտքով խփեց դռներին:

– Պա՛հ, շատ պետք եք,- ասաց նա:

Որոշեց գնալ կրկես: Փիսիկը տխուր հետեւում էր նրան: Ահա հասան: Երբ Անահիտը ուզում էր մոտենալ կրկեսի դռներին, տոմսավաճառը դռները փակեց նրա առաջ: Անահիտը չոր ասաց.

– Դե որ այդպես է, Փիսո ջան, գնանք այստեղից:

Ուր էլ գնում էր Անահիտը, բոլոր դռները փակվում էին նրա առաջ: Նա սկսեց լաց լինել:

– Արի, Փիսո, արի գնանք տուն: Ախր շատ եմ կարոտել տատիկիս, մայրիկիս…

Նրանք փորձեցին վերադառնալ տուն, բայց ճանապարհը կորցրել էին:

Հանդիպեցին Արջուկ խաղալիքին, որի ականջները Անահիտը մի ժամանակ պոկել էր: Անահիտը լաց եղավ:

– Արջուկ ջան, չգիտե՞ս մեր տան ճամփան, օգնիր. Էլի…

Իսկ Արջուկը ականջներ չուներ, որ լսեր Անահիտին: Անահիտը սկսեց ավելի բարձր լաց լինել:

– Գոնե դու օգնիր, Փիսիկ: Փիսո ջան…:

Փիսոն պաչը տնկելով վազեց դեպի տուն…Անահիտը հանկարծ քնից արթնացավ: Դե, լավ է, որ երազ էր, լավ է, որ ահա Փիսոն իր մոտ պառկած է:

Անահիտը վազեց խոհանոց, փարվեց տատիկին.

– Տատի ջան, տատի, էլ չեմ խռովի քեզնից, ոչ ոքից չեմ խռովի եւ սուտ չեմ խոսի:

Նա համբուրում էր տատիկին, իսկ Փիսիկը ուրախ պտտվում էր նրանց շուրջը:

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում