Նկարած հեքիաթ

Նկարած հեքիաթ

Փոքրիկ աղջիկը նստել էր աթոռին ու մտածում էր ինչ անել: Ձանձրույթից ձեռքի ափը դրեց թղթին ու գծեց: Ստացվեց հինգ զարմանալի գագաթ: Սկսեց ներկել այն երկնագույնով: Նա ուզում էր վարդագույնով էլ փոքրիկ ամպ նկարել, բայց այդ պահին մայրը նրան կանչեց, ու վարդագույն ամպը չլմփաց թղթին: Ու մինչ նա կգնար մոր մոտ՝ վարդագույն ամպը դարձավ փոքրիկ մի թզուկ: Թզուկը վարդագույն էր, փայլփլուն քթիկով: Նա նայեց իր շուրջը ու տեսավ հնգագագաթ սարը: Թզուկը վազեց առաջին գագաթի մոտ եւ ասաց.

– Գագաթների ավագ, խնդրում եմ թույլ տուր տնակ կառուցել քո լանջին:

Բութը հրաժարվեց.

– Ես չեմ ուզում, որ իմ լանջին կամ գագաթին տուն լինի: Համ էլ ես մյուս գագաթներից բավականին հեռու եմ: Քեզ համար դժվար կլնին ապրել մենության մեջ: Գնա, ցուցամատ գագաթից խնդրիր տնակի տեղ:

Թզուկը համաձայնվեց ու գնաց Ցուցամատ գագաթին հասավ:

– Խնդրում եմ, Ցուցամատ, թույլ տուր տնակ կառուցել քո գագաթին:

Ցուցամատը հրաժարվեց.

– Երբ ես իսկական մատ դառանամ, պիտի ցույց տամ հեռվում թռչող թռչնակներին, երկնքում շողացող արեւը, փետրավոր, սպիտակ ամպերը: Ու գագաթիս կառուցված քո տնակը կխանգարի ինձ:

Խեղճ վարդագույն թզուկը գնում է Միջնամատ գագաթի մոտ: Դարձյալ մերժվում է ու գնում Մատնեմատի մոտ:

– Սիրուն Մատնեմատ, խնդրում եմ, թույլ տուր սիրուն գագաթիդ տնակ կառուցել,- խնդրում է թզուկը:

-Ոչ. տնակն ինձ համար չէ,- պատասխանում է սիրուն Մատնեմատը:-Երբ իսկական մատ դառնամ, ավելի լավ վրաս մատանիներ դնեմ, քան թե՝ տուն: Գնա Ճկույթի մոտ, երեւի նա կթողնի:

– Լավ,- ասաց թզուկը ու, ոլոր-մոլոր ճամփաներով վազելով, գնաց Ճկույթի մոտ, վերջապես հասավ:

– Խնդրում եմ, Ճկույթ, թույլ տուր գագաթիդ վրա տուն կառուցել,- ասաց վարդագույն թզուկը:

– Լավ,- ասաց Ճկույթը:

Եվ թզուկը աղջկա նկարած ծառից ճյուղեր քաղեց ու իր համար մի սիրուն ու հարմարավետ տնակ կառուցեց. կառուցեց ճկույթ գագաթի վրա: Այդ տնակը աշխարհի ամենագեղեցիկ տնակը դուրս եկավ: Կրակն այնտեղ միշտ թեժ էր ու վառվռուն:

Երբ աղջիկը ետ եկավ իր կիսատ թողած նկարի մոտ՝ զարմանքով տեսավ աշխարհի այդ ամենագեղեցիկ տնակը Ճկույթ լեռան գագաթին:

Արփի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում