Ծիածան

Ծիածան

Անիկը, Մանիկը, Նունիկը խնդրում էին տատիկին, որ հեքիաթ պատմի իրենց համար: Ձմռան գիշերներին տատիկը պատմում էր յոթ գլխանի դեւերի, հազարան բլբուլի, լուս ու մութ աշխարհների մասին, եւ թոռնիկները ուշադրությամբ լսում էին:

– Օֆ, հերիք է, չարաճճիներ, թողեք գնամ, կիսած գործ ունեմ,- ասաց տատիկը:

– Տատ ջան, գուլպան տուր ես գործեմ, իսկ դու մեզ համար հեքիաթ պատմիր,- ասաց Մանիկը:

-Դու ի՞նչ գուլպա գործող ես,- ծիծաղեց Մանիկը,- դու քո կոշիկները թարս ես հագնում, ինչ մնաց գուլպա գործես…- Ու Նազան տատը քթի տակ ծիծաղեց:

– Եկեք տատիկին օգնենք, – միաբերան ճչացին քույրերը եւ գործի անցան:

Անիկը ամաններն էր լվանում: Մանիկը հատակն էր մաքրում: Իսկ ամենափոքրիկը՝ Նունիկը, հավերին էր կուտ տալիս: Շուտով նրանք գործը վերջացրին: Տատիկը վերցրեց կիսագործած գուլպան, նստեց հատակին փռված գորգին, թոռներին նստեցրեց շուրջբոլորը եւ սկսեց իր հեքիաթը:

«Լինում է չի լինում…մի մարդ ու մի կին են լինում, ունենում են մի տղա ու մի աղջիկ: Տղան շատ ծույլ ու անբանի մեկն է լինում. ամբողջ օրը թափառում է դաշտում եւ հորը չի օգնում ոչ մի բանում: Իսկ աղջիկը՝ Արմենուհին, ամբողջ օրը մտածում է, թե ինչպես օգնի ծնողներին: Մի օր էլ այդպես մտքերով տարված, նա գնում է, գնում եւ չի իմանում, թե ուր է հասել: Ուզում է վերդառնալ տուն, բայց ճանապարհը կորցրած է լինում եւ սկսում է լաց լինել: Հանկարծ նրան է մոտնեում սպիտակամորուս մի ծերունի եւ հարցնում է.

– Դարդդ ի՞նչ է, աղջիկս, ինչո՞ւ ես լալիս, ասա, գուցե որեւէ բանով օգնեմ քեզ:

Արմենուհին նայում է ծերուկին, նրա բարի աչքերին եւ պատմում սրտինը: Ծերուկը մի քիչ մտածելուց հետո դառնում է աղջկան.

-Ի՞նչ կանեիր դու, եթե տղա դառնայիր:

– Ե՞ս…ես կօգնեի իմ խեղճ ծնողներին, իսկ չէ որ ես հիմա այնքան փոքր եմ, որ ոչինչ չեմ կարող անել:

– Դե, ուրեմն լսիր ինձ: Այ, տես,- ասաց ծերունին եւ ձեռքը մեկնեց դեպի կապույտ հորիզոնը: Եվ այնտեղ անմիջապես կապեց յոթ գույնանի ծիածանը:- Գնա ու անցիր տակովը…Միայն տես՝ ետ չնայես…

Արմենուհին շփոթված քայլեց առաջ, ու հանկարծ…Օ, ինչ հրաշք…Նա դարձավ մի գեղեցիկ տղա, թուրը մեջքին կապած, կողքին՝ հրեղեն ձին: Շուռ եկավ, որպեսզի շնորհակալություն հայտնի ծերուկին, բայց նա արդեն չքացել էր…

Արմենուհին, որ արդեն Արմեն էր կոչվում, չարին ու վիշապին հաղթած տուն է դառնում: Սկզբում հայր ու մայրը չեն ճանաչում նրան: Իսկ երբ Արմենը պատմում է իր գլխովն անցածը, իսկույն ծնողները փաթաթվում են վզովը, ցնծում ուրախությունից:

– Օյ, տատի, տատի ջան,- ճչաց Նունեն,- ես էլ եմ ուզում կտրիճ տղա դառնալ, այդ Արմենի պես:

– Ես էլ…

– Ես էլ…

Նրանք այնպես էին տարվել հեքիաթով, որ իրենց պատկերացնում էին տղայի հագուստով, կտրիճի պես: Պատկերացնում էին ու, միեւնույն ժամանակ, բարի նախանձով նախանձում հեքիաթի Արմենին:

– Տատիկ ջան, ես անպայման տղա եմ դառնալու,- որոշեց Անիկը:

– Դե, քնեք, հերիք է, հիմա ծիածան չկա, ծիածանը միայն գարնանն է լինում:

…Եվ գարնանային մի գեղեցիկ օր անձրեւ եկավ: Կապույտ հորիզոնը յոթ տարբեր գույներով ներկվեց, ժպտաց ծիածանը: Երեք քույրեր վազում էին դեպի այն:

Մեկը՝ շրջազգեստի փեշերը քամուն տված, մյուսը՝ մազերը…Նրանք որոշել էին հասնել ծիածանին, անցնել տակով…Վազում էին այդպես եւ հանկարծ…

– Վայ, սունկ եմ գտել,- ճչաց Նունեն,- սունկ…

Եվ Անիկն ու Մանիկը ետ դարձան ու…մոռացան ծիածանը, մոռացան տատիկի հեքիաթի հերոսուհի Արմենուհուն: Նրանք սկսեցին սունկ հավաքել: Իսկ այդ պահին կապույտ հորիզոնից չքացավ ծիածանը: Անիկը լաց եղավ, Մանիկը՝ նույնպես: Լալիս էին երկու փոքրիկ քույրեր, այնպես էին լալիս, ասես մի թանկագին իր էին կորցրել: Իսկ Նունեն, մեղավորի պես մի կողմ քաշվել, ամուր բռնել էր հագուստի փեշերը, որ սունկերը չթափվեն:

– Դու էիր մեղավորը, դու,- հանդիմանեցին քույրերը Նունեին:-Այո, դու էիր մեղավոր, որ չհասանք ծիածանին, եւ քո պատճառով մենք տղա դառնալ չկարողացանք…

Տատը հեռվից նայում էր ու ծիծաղում…

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում