Մեխերի հետքերը

Մեխերի հետքերը

Տատիկս մի զրույց պատմեց, որ ինձ շատ դուր եկավ, եւ ես որոշեցի այն պատմել ձեզ:

Մի չար տղա է լինում, որին ծնողները միշտ խրատում էին.

– Մի եղիր այդքան չար:

Բայց նա մնում էր միշտ նույն չար տղան: Խրատներն ու նախատինքը չէին ազդում նրա վրա: Մի օր հայրը նրա վրա շատ զայրացավ: Ու սկսեց պատին մեխ մեխել: Այդ օրվանից հետո որդու ամեն մի չարության ու հանցանքի դիմաց նա պատին մի մեխ էր մեխում:

Մի օր էլ տղան զարմանքով նկատեց, որ պատն ամբողջովին մեխերով է ծածկված:

– Հայրիկ, ինչո՞ւ ես պատին այդքան շատ մեխ մեխել,- հարցրեց տղան: -Չէ որ պատը կվնասվի:

– Որդիս, – ասաց հայրը,- քո կատարած ամեն մի անկարգության դիմաց ես մի մեխ եմ մեխում:

Տղան հասկացավ հոր խոսքերի իմաստն ու հարցրեց.

– Իսկ ե՞րբ կհանես մեխերը:

– Ամեն մի լավ արաքի դեպքում:

Տղան դադարում է անկարգություն անել: Անցնում է ժամանակ: Մի օր էլ տղան ոգեւորված տեսնում է, որ պատին մեխած մեխերը կամա՜ց-կամա՜ց պակասում են: Ժպտալով մոտենում է հորը եւ ուրախ ասում.

– Հայրիկ, ինչ լավ է, որ մեխերը այլեւս չկան: Ուրեմն ես լավ տղա եմ դարձել:

– Շատ լավ է տղաս,- ասում է հայրը,- բայց տեսնում ես հանված մեխերի տեղում մնացել են անցքերը: Մեխերի հետքերը մնացել են:

Արփի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում