Մարտի ժառանգությունը

Մարտի ժառանգությունը

Ամեն մեկն էլ կյանքում ժառանգություն է ստանում: Այնպես պատահեց, որ Տարվա Չորս Եղանակները որոշեցին իրենց թոռնիկներին ժառանգություն թողնել: Ամեն մեկին մի եղանակ՝ մի ամսով: Լուրը հասավ Գարուն տատի ավագ թոռնիկ Մարտին:

– Աչքդ լույս, տատդ քեզ ժառանգություն է տալիս: Գնա ստացիր:

Ի՜նչ ուրախություն պատեց Մարտին: Շփոթմունքից գլխարկը չդրեց: Վերարկուն չհասցրեց կոճկել: Մի ոտքին կիսակոշիկ հագավ, մյուսին՝ երկարաճիտք: Ու վազեց իր ժառանգությանը տեր կանգնելու:

Մարտը վազում էր անտառի միջով: Հանկարծ նրան հանդիպեց նապաստակը:

– Խնդրում եմ, Մարտ, սիրուն տղա, թաթս ցավում է, օգնիր հասնեմ դիմացի կոճղին:

Մարտը նրան անգամ չլսեց: Շտապում էր տատիկի մոտ, ժառանգություն ստանալու: Մարտը շարունակեց ճանապարհը, խելառ-մելառ, ոլորապտույտ վազելով, ճանապարհին խոտ ու ծաղիկ տրորելով:

Արջի քոթոթը խճճվել էր թփի մեջ: Ու մռթմռթան փոքրիկը խնդրեց Մարտին օգնել իրեն.

– Ժամանակ ես գտել,- կանչեց հեւասպառ Մարտը,- գնում եմ ժառանգություն ստանալու: Իսկ դու, թե՝ օգնիր…

Մերժում է օգնել նաեւ ոզնուն, որն ուզում էր տանել ծանր բեռը, բայց չէր կարողանում: Մերժում է աջ ու ձախ, որովհետեւ շտապում էր տատիկի մոտ: Տատիկն իհարկե այդ ամենը տեսել էր ու ամոթից կարմրել:

Մարտը թակեց դուռն ու ասաց.

– Տատիկ, եկել եմ ժառանգությունս ստանալու:

Տատիկը ներս հրավիրեց նրան ու ասաց.

– Փոքրիկ Մարտ, ես պիտի կոչեմ քեզ գիժ, խենթ ու խելառ, որովհետեւ ճանապարհիդ ավերելով խոտ ու ծիլ, ոչ մեկին չօգնելով, եկար հասար ժառանգությանդ տեր կանգնելու: Մի տեսքիդ նայիր: Նման չես լինելու երկու քույրիկներիդ՝ Ապրիլին եւ Մայիսին: Քեզ պատկանող օրերը լինելու են խենթ ու խելառ:

Եվ քանի որ Մարտի ուշքն ու միտքը միայն ժառանագությունն էր, նա չհասկացավ Գարուն տատի ասածի ողջ իմաստը:

Արփի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում