Բարեկամը

Բարեկամը

Մի մարդ, որի անունը Իվան Ֆյոդորովիչ էր, հյուր գնաց իր բարեկամի մոտ: Նախասենյակ մտավ, հանեց վերարկուն եւ դուռը ծեծեց: Իսկ դուռը փակ էր:

Այն ժամանակ Իվան Ֆյոդորովիչը հարցրեց դռան հետեւից.

– Սենյա, տա՞նն ես:

Սենյակից մի խռպոտ, անծանոթ ձայն պատասխանեց.

– Տանն եմ, տանն եմ:

– Համա թե ձայն ունես հա՜, – ասաց Իվան Ֆյոդորովիչը: – Մի՞թե մրսել ես:

– Մրսել եմ, մրսել եմ, – պատասխանեցին սենյակից:

– Դե բաց դուռը, շուտ արա, բաց, – ասաց Իվան Ֆյոդորովիչը:

– Բա՛ց, բա՛ց, – պատասխանեց խռպոտ ձայնը:

-Ինչպե՞ս բացեմ, երբ դուռը փակ է:

-Փակ է, փակ է, – պատասխանեց ձայնը:

– Դե, այս ի՞նչ բան է, – բարկացավ Իվան Ֆյոդորովիչը:- Ես քեզ մոտ հյուր եմ եկել, իսկ դու ներս չես առնում, հիմարություն ես անում: Մի՞թե այսպես կարելի է:

– Կարելի է, կարելի է, – պատասխանեց սենյակից ձայնը:

– Ո՞նց թե…Տեսնում եմ, որ քեզ խոսք հասկացնել չի լինի,- ասաց Իվան Ֆյոդորովիչը: Նա ձեռքը թափ տվեց, կրկնակոշիկներ հագավ, վերարկուն կախարանից վերցրեց, հագավ ու գնաց: Իսկ նրա հետեւից դեռ հասնում էր մեկի մերթ թավ, մերթ բարակ ձայնը.

– Կլինի՛, կլինի՛, կլինի՛…

Հանկարծ մուտքի դուռը բացվեց, սենյակ մտավ Սենյան, որի մոտ հյուր էր եկել Իվան Ֆյոդորովիչը:

– Այ քեզ օյի՜ն, – զարմացավ Իվան Ֆյոդորովիչը:- Իսկ ո՞վ էր քո սենյակից ինձ հետ խոսում:

– Այդ իմ թութակն է, – պատասխանեց բարեկամը: – Մի քանի օր է, ինչ գնել եմ:

Եվգենի Չարուշին
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում