Ծղրիդը

Ծղրիդը

Փայտե տանը, պատի մեջ, մի ծղրիդ էր ապրում: Նա թաքնվում էր ճեղքում: Հենց որ գիշերը վրա էր հասնում, ծղրիդը սկսում էր իր երգը.

«Ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜…»

Երգում էր, ճռում, սուլում, պարզապես չգիտես՝ ո՛ւր կարչես, ազատվես: Թե որ ցերեկը երգեր, էլի կարելի էր մի կերպ վարժվել, իսկ նա երգում էր հենց այն ժամին, երբ մարդիկ պետք է քնեն: Օրվա ընթացքում նրանք հոգնել են, երգի հետ գլուխ չունեն:

Բնակիչները նավթ քսեցին ճեղքին, սեւ տաքդեղ ծեծեցին եւ փոշին սագի փետուրով փչեցին ճեղքի մեջ:

«Դե,- մտածում են,- դուրս արինք կենվորին»: Բայց ո՜չ, ծղրիդը չէր գնացել: Երգում էր ու երգում, բարձրաձայն ճռճռում:

Այ քեզ պատի՜ժ:

Կես ամիս շարունակ ամեն գիշեր ծղրիդը չէր թողնում քնել, իսկ տասնհինգերորդ օրը մի ծանոթ հյուր եկավ նրանց մոտ: Նրա անունը Ֆյոդոր Ֆյոդորովիչ էր: Նա զարմանալի մարդ էր: Կարողանում էր ընդօրինակել բոլոր կենդանիներին եւ թռչուններին: Կարողանում էր նույնիսկ մոծակի նման տզտզալ:

Ահա, տանտերերը հյուրերի հետ թեյեցին ու գնացին նստելու արտասանդուղքի վրա, բակում:

Հանկարծ մոտիկ մի ագռավ թռավ: Մեկ էլ Ֆյոդոր Ֆյոդորովիչը կռկռաց ագռավի նման:

«Ղա՜ռռ…»

Ագռավն իջավ եւ սկսեց պտտվել սանդուղքի վրա. պտտվում էր եւ նույնիսկ կռկռում: «Ղա՜ռ-ղա՜ռ…Ղա՜ռ-ղա՜ռ…»

Ահա թուխսն իր ճուտերի հետ բակ մտավ: Ֆյոդոր Ֆյոդորովիչն սկսեց կամացուկ ծվծվալ, ասես կորած ճուտ լիներ: Հավն սկսեց կռթկռթալ եւ վազեց ճուտին փնտրելու:

Հետո Ֆյոդոր Ֆյոդորովիչը նստեց տանտիրոջ մոտ եւ սկսեց տզզալ նրա ականջի տակ, ինչպես ճանճ եւ այնպես ճարպկորեն, որ տանտերը սկսեց ձեռքով քշել ճանճին:

– Օ՛հ,- ասաց,- անպետք արարած, հանգիստ չի տալիս:

Երկար այդպես նստել էին մինչեւ մութն ընկնելը եւ ծիծաղում էին:

Իսկ տանտերը հառաչեց եւ ասաց հյուրին.

– Շատ լավ է, որ դու եկել ես, մենք ուրախ ենք, միայն չգիտենք, թե որտեղ գցենք քո անկողինը: Մեր սենյակում մի ծղրիդ է ապրում: Նա գիշերները այնպիսի համերգներ է տալիս, որ անսովոր մարդը երբեք չի կարող քնել:

– Ոչի՛նչ,- ասաց Ֆյորդոր Ֆյոդորովիչը,- ես էլ մեր ծղրիդի համար երգ կերգեմ:

Այդպես էլ եղավ: Գիշերն իր ճեղքում, վառարանի մոտ, ծղրիդն սկսեց ճռճռալ.

«Ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜ռ»:

– Ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜ռ,- ծղրիդի նման երգեց Ֆյոդոր Ֆյոդորովիչը, միայն ավելի բարձր եւ ուժեղ:

«Ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜ռ»,- ծղրտաց իսկական ծղրիդը ճեղքում:

-Ճը՜ռ-ճը՜ռ…ճը՜ռ-ճը՜ռ …ճը՜ռ-ճը՜ռ,- ամբողջ սենյակով մեկ բարձր կանչեց Ֆյոդոր Ֆյոդորովիչը եւ հանկարծ լռեց:

Մեկեն սենյակը հանդարտվեց:

Հետո ծղրիդը ճեղքի մեջ կամաց ճռաց.«Ճը՜ռ»:

Իսկ Ֆյոդոր Ֆյոդորովիչը նորից ծղրտաց ամբողջ սենյակով մեկ, ծվծվաց, սուլեց ծղրիդի նման:

Երկար սուլեց, նույնիսկ ձանձրացրեց տանտերերին:

– Վե՛րջ տուր,- ասացին,- Ֆեդյա, բավական է:

– Ո՛չ, ո՛չ,- պատասխանեց նա,- մի քիչ էլ համբերեք:

Վերջապես նա էլ լռեց:

Այդ գիշեր ծղրիդն այլեւս ծպտուն չհանեց: Չերգեց նաեւ մյուս գիշերը, ու մինչեւ հիմա էլ չի երգում: Երեւի հեռացավ այդ սենյակից. վախեցրել էր նրան Ֆյոդոր Ֆյոդովիչը:

Եվգենի Չարուշին
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում