Ճնճղուկը

Ճնճղուկը

Լուսինեն հոր հետ գնաց զբոսանքի: Ման էր գալիս, մեկ էլ լսեց՝ ինչ-որ մեկը ծվծվում է.

«Ծիվ-ծիվ:

Ծիվ-ծիվ:

Ծիվ-ծիվ»:

Մի փոքրիկ ճնճղուկ էր թռչկոտում ճանապարհի վրա փետուրները ցցած, գլորվում էր ոնց որ գնդակ: Պոչը կարճ էր, կտուցը դեղին, եւ ոչ մի տեղ էլ չէր թռչում: Երեւում է, դեռ չէր կարողանում:

– Նայի՛ր, հայրիկ,- բղավեց Լուսինեն,- իսկական ճնճղուկ չի:
Իսկ հայրն ասաց.

– Չէ, իսկական ճնճղուկ է, միայն թե փոքրիկ է: Երեւի բնից է ընկել:

Լուսինեն վազեց ու բռնեց ճնճղուկին:

Ճնճղուկն սկսեց ապրել Լուսինեենց տանը: Անընդհատ ճչում էր, ուտել ուզում: Այ, թե շատակե՜րն էր: Առավոտյան հենց որ արեւը դուրս էր գալիս, նա ծվծվում էր եւ բոլորին արթնացնում:

Մի օր Լուսինեն ասաց.

– Ես սրան թռչել կսովորեցնեմ եւ բաց կթողնեմ:

Նա ճնճղուկին հանեց վանդակից, դրեց հատակին եւ սկսեց թռչել սովորեցնել:

– Դու թեւերդ, ա՛յ, այսպես թափահարիր,- ասաց Լուսինեն եւ ձեռքերով ցույց տվեց, թե ինչպես պետք է թռչել:

Իսկ թռչունը ցատկեց պահարանի տակ:

Մի օր էլ կերակրեցին ճնճղուկին: Լուսինեն ճնճղուկին դրեց հատակին, որ թռչել սովորեցնի: Լուսինեն թափահարեց ձեռքերը, ճնճղուկն էլ թափահարեց: Թռա՜վ ճնճղուկը: Ահա նա թռավ խաղալքիների վրայից, բայց հանկարծ նորից ընկավ:

– Դու դեռ վատ ես թռչում,- ասաց Լուսինեն:- Արի ես քեզ մի օր էլ կերակրեմ:

Կերակրեց, կերակրեց, իսկ մյուս օրը ճնճղուկը թռավ Լուսինեի աթոռի վրայից: Թռավ սեղանի վրա դրված սափորի վրայից: Միայն պահարանի վրայից թռչել չկարողացավ, ցած ընկավ: Երեւում է, էլի պետք էր կերակրել: Մյուս օրը Լուսինեն ճնճղուկին իր հետ տարավ պարտեզ եւ այնտեղ բաց թողեց: Այս անգամ ճնճղուկը թռավ ճյուղի վրա, հետո ավելի բարձրացավ, հետո էլ թռավ ու գնաց:

Ապրի, Լուսինեն, կերակրեց, խնամեց ճնճղուկին, մինչեւ նա դարձավ ուժեղ, մինչեւ ամուր թեւիկներ ունեցավ: Դուք էլ նույնը արեք, սիրելի երեխաներ, երբ տեսնում եք վնասված կենդանու, խնամեք նրան: Շուտով կգա ձմեռը, ինքներդ մի կերակրաման պատրաստեք թռչունների համար եւ մեջը հացի փշրանք լցրեք, որ թռչունները սոված չմնան: Եղեք լավ ընկերներ, թե՛ ձեր ընկերների, եւ թե՛ կենդանիների համար:

Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում