Ինչպես Լևոնիկը բժիշկ-բժիշկ խաղաց

Ինչպես Լևոնիկը բժիշկ-բժիշկ խաղաց

Լեւոնիկի քույրիկը բժշկուհի էր: Նա տեսել էր, թե ինչպես է Քրիստինեն բուժում հիվանդներին: Եվ Լեւոնիկը որոշեց բուժել իր շնիկին:

– Դե, Ջեսի, հիմա ես քեզ կբուժեմ:

Նա հագավ քույրիկի սպիտակ խալաթը, դրեց տատիկի ակնոցը եւ լսելու համար վերցրեց բժշկական լսափողը, որը պարզապես մի փայտյա շվի էր: Հետո դուրս գնաց ու ծեծեց դուռը, իբրեւ թե բժիշկը եկավ: Ապա սրբվեց սրբիչով, իբրեւ թե բժիշկը լվաց ձեռքերը:

Գլուխ տվեց քոթոթ Ջեսիին եւ ասաց.

– Բարեւ Ջեսիի: Տեսնում եմ, դուք նորից հիվանդ եք: Ձեր ի՞նչն է ցավում:

Իսկ Ջեսիին, իհարկե, ոչինչ չի պատասխանում, միայն պոչն է խաղացնում, խոսել չգիտի:

– Պառկեցեք, Ջեսի,- ասաց բժիշկ Լեւոնը,- ես ձեզ պիտի քննեմ:

Բժիշկը Ջեսիին շրջեց մեջքի վրա, շվին դրեց փորին եւ սկսեց լսել:

Իսկ Ջեսին՝ հա՛ֆ, բռնեց նրա ականջից:

– Ինչո՞ւ ես կծում,- ճչաց Լեւոնը,- ախր ես բժիշկ եմ:

Բժիշկը ջղայնացավ: Բռնեց Ջեսիի թաթը եւ կռնատակը դրեց ջերմաչափը՝ կապույտ մի մատիտ: Իսկ Ջեսին չէր ուզում ջերմությունը չափել, թպրտում էր: Այն ժամանակ բժիշկը հիվանդին ասաց.

– Այժմ բացեք, խնդրում եմ, ձեր բերանը եւ ասեք՝ ա՜-ա՜-ա՜-ա՜: Դուրս հանեք ձեր լեզուն:
Բժիշկը բռնեց նրա դունչը ու ուզում էր լեզուն նայել: Իսկ Ջեսին վնգստում էր եւ չէր հանում լեզուն:

– Ես դեղատոմս կգրեմ,- ասաց բժիշկ Լեւոնը,- եւ կմքարեմ ձեր ատամները: Տեսնում եմ, որ դուք, փնթի եք, չեք սիրում ձեր ատամները մաքրել:

Լեւոնը վերցրեց ատամի խոզանակն ու մածուկը եւ սկսեց մաքրել շան ատամները: Ու մեկ էլ Ջեսին, որ խոզանակը չբռնե՜ց ատամներով…

Ապա պոկվեց բժշկի ձեռքերից, խոզանակը քաշեց բազմոցի տակ եւ այնտեղ կտոր-կտոր արեց:

– Դու հիմար ես Ջեսի,- բղավեց Լեւնը: Չէ՞ որ այդպես չեն խաղում «Բժիշկ-բժիշկ»:

Իսկ Ջեսին բազմոցի տակ իր կարճլիկ պոչն էր միայն արագ-արագ խփում հատակին, մեկ-մեկ էլ ատամներն էր խրթխրթացնում՝ խոզանակն էր ծամում:

Ախր նա բոլորովին չի կարողնաում հիվանդ խաղալ:

Աղբյուր՝ heqiat.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում