Չալոյի երազները

Չալոյի երազները

Երբ Չալոն քնած է լինում, հաչում է քնի մեջ, իսկ երբեմն էլ թաթերը ցնցվում են, կարծես վազում է ինչ- որ տեղ: Տիգրանը հարցնում է հայրիկին.

– Էդ ինչո՞ւ է Չալոն հաչում , ախր նա քնած է:

– Երազ է տեսնում,- պատասխանում է հայրիկը:

– Ի՞նչ երազ:

– Երեւի ինչ- որ տնային երազ՝ զանազան գազանների, թռչունների մասին:

– Այ քեզ հետաքրքիր բա՜ն,-ասում է Տիգրանը:

Նա մոտեցավ Չալոյին, պպզեց եւ սկսեց նայել: Իսկ Չալոն քնեց, քնեց եւ հանկարծ սկսեց երազում հաչել բարակ-բարա՜կ ձայնով:

– Վայ, հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, նա փոքրիկ նապաստակ է տեսել:

– Ի՞նչ իմացար, թե նապաստակ է:

– Բա չես տեսնում ինչ բարակ ձայնով է հաչում:

Չալոն մի քիչ էլ քնեց ու սկսեց թաթերը ցնցել:

– Հայրիկ, – ասաց Տիգրանը,- տե՛ս, տե՛ս, Չալոն երազում վազում է:

– Ո՞ւմ հետեւից:

– Դե, ոչ ոքի…Կովից վախեցել է, փախչում է: Երազում տեսել է կովին, իսկ նա սկսել է պոզահարել:

Հանկարծ Չալոն սկսեց քնի մեջ գռմռալ, չար ձայնով հաչել: Տիգրանը վախեցավ, վեր ցատկեց, իսկ հետո սկսեց քաշքշել Չալոյի ականջից:

– Վեր կաց,- բղավում է, շուտ արթնացի՛ր: Չե՞ս լսում…Չէ՞ որ հիմի նա քեզ կուտի:

– Ո՞վ,- հարցնում է հայրիկը:

– Դե, վագրը, ուրիշ էլ ո՞վ…Նա վագր է տեսել եւ ուզում է կռվել հետը: Իսկ վագրը՝ տես թե ի՜նչ մեծ-մեծ ատամներ ունի: Նա կուտի մեր Չալոյին:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում