Ինչպես Բրդոտը սովորեց լողալ

Ինչպես Բրդոտը սովորեց լողալ

Պատմություն Մուրադ պապի շնիկի մասին, որին ավանում էին Բրդոտ:

Մենք գնացինք զբոսնելու, հետներս առանք եւ Բրդոտին:

Դրեցինք նրան պայուսակի մեջ, որպեսզի չհոգնի:

Մոտեցանք լճին, նստեցինք ափին եւ սկսեցինք փոքրիկ քարեր նետել ջրի մեջ՝ ո՛վ ավելի հեռու կգցի: Իսկ պայուսակը Բրդոտի հետ միասին դրինք խոտերին: Նա դուրս սողաց պայուսակից, տեսավ՝ ինչպես քարը շրմփաց ջրի մեջ, եւ վազեց հանելու:

Բրդոտը վազում էր ավազի վրայով՝ ծուռտիկ թաթերով, անճոռնի, ոտները մի գլուխ խառնվում էին ավազի մեջ: Հասավ ջրին, թաթերը մտցրեց ջրի մեջ եւ նայում էր մեզ:

-Գնա՛, Բրդոտ, գնա՛ շուտ հանի՜ր,- բղավեցինք մենք:

Բրդոտը մտավ ջրի մեջ: Սկզբում մտավ մինչեւ փորը, հետո մինչեւ վիզը, իսկ հետո ամբողջովին սուզվեց: Միայն պոչն էր դուրս ցցել: Շուռումուռ եկավ, թաթերը շարժեց ու մեկ էլ այնպե՜ս դուրս թռավ, սկսեց հազալ, փռշտալ, փնչացնել: Երեւում է, փորձել էր շնչել ջրի մեջ, ջուրը լցվել էր քիթն ու բերանը:

Մի քար էլ գցեցինք ջրի մեջ, բայց այս անգամ Բրդոտն արդեն չմտավ, վախենում էր:

Վերցրինք գնդակը եւ գցեցինք լճի մեջ:

Բրդոտը սիրում էր գնդակ խաղալ, այդ նրա սիրած խաղալիքն էր: Գնդակը շրմփաց ջրի մեջ, պտտվեց-պտտվեց ու կանգ առավ: Գնդակը մնացել էր ջրի երեսին, ինչպես հարթ հատակի վրա, չէր խորասուզվում:

Բրդոտը ճանաչեց իր սիրելի խաղալիքը եւ չհամբերեց. գլխապատառ վազեց դեպի ջուրը: Վազում էր, կաղկանձում: Ահա մինչեւ փորը մտավ. հետո մինչեւ վիզը, ապա ամբողջովին սուզվեց: Իսկ դունչն արդեն վերեւ էր պահել, որպեսզի ջուրը քթի մեջ չմտնի:

Գնաց-գնաց եւ այդպես էլ լողաց: Լողաց մինչեւ գնդակը բռնեց այն ատամներով եւ ետ եկավ դեպի մեզ:

Ահա այդպես Բրդոտը սովորեց լողալ։

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում