Լորիկը

Լորիկը

Շատ հետաքրքիր պատմություն է լորիկի ու փոքրիկ Լուսիկի մասին: Լուսիկենց տանը վանդակում ապրում էր ընտելացրած մի լորիկ: Փոքրիկ վայրի մի լորիկ: Նա ամբողջովին դարչնագույն էր, բաց գույն գծիկներով: Կոկորդի վրա էլ երեխայի գոգնոցի նման փետուրներով կրծկալ ուներ: Լորը ման էր գալիս վանդակում ու կամացուկ սուլում էր ահա այսպես. «Տյո՛ւր-տյո՛ւր…Տյո՛ւր-տյո՛ւր»: Կամ պառկում էր կողքի վրա ու լողանում ավազի մեջ, ինչպես իսկական հավ. մաքրում էր փետուրները, թփթփացնում թեւերը: Երբ որդ էին ցույց տալիս, մոտենում էր եւ կտցում ձեռքից: Լուսիկը նույնիսկ դնում էր ձեռքի ափին եւ չէր թռչում, բոլորովին ընտելացած էր: Բայց ամենազարմանալին ահա թե ինչն էր: Հենց որ երեկոյան վառում էին էլեկտրական լամպը, լորիկն իսկույն սկսում էր սուլել, կանչել. «Ֆի՛ր-պիրյո՜ւ: Ֆի՛ր-պիրյո՜ւ»:

– Ի՞նչ է ասում,-հարցնում էր Լուսիկը:

– Նա քեզ քնելու է ուղարկում: Լսո՞ւմ ես, կանչում է. «Քնելու ժամն է, քնելու ժամն է»:

Լուսիկը ականջ դրեց՝ ճիշտ որ նման է:

Ֆի՛ր-պիրյո՜ւ-քնելու ժա՜մն է:

Ֆի՛ր-պիրյո՜ւ-քնելու ժա՜մն է:

Եվ, իսկապես, Լուսիկի քնելու ժամն էր, բայց նրան պառկեցնելը դժվար է:

– Դեռ շուտ է,-ասում է Լուսիկը:

Լորիկը նորից է ասում.

– Քնելու ժա՜մն է:

– Դե չեմ ուզում:

– Քնելու ժա՜մն է:

– Դե լավ, մի քիչ էլ խաղամ…

Բայց լորիկը այնպես էր ճչում, որ էլ համբերել չէր կարելի:

– Քնելու ժա՜մն է, քնելու ժա՜մն է, քնելու ժա՜մն է:

-Արդեն լվացվում եմ:

– Քնելու ժա՜մն է, քնելու ժա՜մն է:

– Դե, ես արդեն շորիկս եմ հանում:

– Քնելու ժա՜մն է, քնելու ժա՜մն է:

– Դե, ի՞նչ ես ճչում, հիմար: Չէ՞ որ ես արդեն պառկել եմ:

Հենց որ լույսը հանգցնում են, ե՛ւ լորիկն է լռում, ե՛ւ Լուսիկն է քնում: Այդպես Լուսիկենց տանը կարգ հաստատվեց: Հենց որ լորիկը սուլում էր իր «ֆի՛ր-պիրյո՜ւն», Լուսիկն սկսում էր հորանջել: Հորանջում էր, հորանջում, հետո լվացվում էր, շորերը հանում ու պառկում քնելու: Ամռանը Լուսիկենք գնացին ամառանոց: Այգում լորիկի համար մի մեծ վանդականման ցանկապատ պատրաստեցին: Տեղավորեցին այնտեղ եւ գնացին ծաղիկներ հավաքելու: Վանդակում ճեղք էր եղել, եւ լորիկը փախել էր: Դա շատ ցավալի էր:

Փնտրում էին լորիկին խոտերի մեջ, շարժում էին թփերը: Չկար ու չկար լորիկը: Լուսիկի քնելու ժամն արդեն անցել էր:

– Ինչպե՞ս պիտի քնեմ,- լաց էր լինում նա:-Ոչ ոք ինձ չի քնեցնում:

Եվ ահա լուսինը դուրս եկավ: Պայծառ-պայծառ, լուսավորեց ողջ շրջապատը. ե՛ւ խոտը, ե՛ւ ճանապարհը: Հանկարծ լսեցին ճամփի մոտ եղած թփի տակից.

«Ֆի՛ր պիրյո՜ւ, ֆի՛ր պիրյո՜ւ»:

– Նա է,- ասաց Լուսիկը:

Իսկ լորիկը ավելի բարձր էր ճչում.

«Ֆի՛ր պիրյո՜ւ-քնելու ժա՜մն է»:

Պապիկն ու Լուսիկը նետվեցին թփերի մեջ եւ իսկույն բռնեցին լորիկին: Նա սառել էր, ցողից թրջվել: Տուն վերադարձան, լորիկին նորից դրին իր տեղը, վանդակի ճեղքը ամուր փակեցին:

Իսկ Լուսիկը գնաց քնելու:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում