Սալամբի ճուտիկը

Սալամբի ճուտիկը

Մի օր պապն ու թոռնիկը իրենց շնիկի հետ միասին գնում են անտառ` սունկ հավաքելու: Դեռ սունկի բացատը չհասած, փոքրիկ շնիկը պտտվեց եղևնու շուրջը, սկսեց հոտոտել: Եվ հանկարծ շատ մոտիկ թփթփոց լսեցին: Նայեցին թփի տակ, իսկ այնտեղ ման էր գալիս ինչ-որ տարօրինակ հավիկ: Խայտաբղետ էր, փրչոտ թաթիկներով, իսկ գլխին փուփուլ ուներ, որ մեկ բարձրանում էր, մեկ իջնում:

– Սա ի՞նչ է,- հարցրեց փոքրիկ Աշոտիկը:

– Սո՜ւս, սո՜ւս, – ասում է պապիկը,- մի վախեցնի, դա սալամբ է:

Երեխաներ, սալամբը անտառային փոքրիկ թռչուն է:

Հանկարծ հավիկը սողաց գետնի վրայով, ինչպես մուկ, հետո ձգեց և ավելի ուժգին թփթփացրեց թևերը: Թփթփացրեց, թփթփացրեց, ամբողջովին փքվեց, կարծես հիվանդ լիներ, և ցատկոտելով գնաց մի կողմի վրա:

-Այ քեզ ներկայացո՜ւմ…Ինչո՞ւ այդպես արեց,- հարցրեց Աշոտիկը:

-Խորամանկում է,- ասաց պապիկը,- մեր շունիկին է հեռացնում իր ճուտիկներից:

Իսկ շունիկը հենց որ սալամբին տեսավ, իսկույն ընկավ հետևից:

Սալամբը կաղում էր, հեռու էր թռչում, հազիվ կարողանում էր վազել, կարծես բոլորովին հիվանդ լիներ: Ձեւանում էր: Իսկ շնիկը ուրախ էր. Վնգստում էր, հաչում, ահա՛- ահա՛, կհասնի սալամբին, ահա՛-ահա՛ պոչից կբռնի: Հիմար շունիկ: Սալամբը նրան տարավ հեռո՜ւ-հեռո՜ւ, հետո երևի նստեց ծառին: Լսվում էր միայն շունիկի հաչոցը:

– Արի, Աշոտիկ, արի փնտրենք սալամբի ճուտիկներին: Սալամբը շունիկին դիտմամաբ հեռացրեց, նշանակում է` ձագերն այստեղ մոտերքում թաքնվել են:

Նրանք գետնից բարձրացրին եղևու փտած մի ճյուղ եւ տեսան բարակ ոտքի վրա ցցված ինչ-որ թունավոր սունկ: Իսկ սունկի տակ նստած էր սալամբի ճուտիկը: Թաքնվել էր և աչքերը փակել:

Պապիկը, հո՜պ, բռնեց նրան: Այ թե ինչպիսի՜ն էր: Ոնց որ իսկական ճուտ լիներ, միայն թե ավելի փոքր և ամբողջովին գծավոր ու պուտավոր: Այդ նրա համար է, որ հեշտ լինի թաքնվել: Դեռեւս աղվամազոտ էր, իսկ թևիկներին փետուրներ կային. նշանակում է`արդեն թռչում էր:

– Ի՞նչ անենք սրան, տանե՞նք տուն,- հարցնում է պապիկը: – Թե՞ թողնենք մոր մոտ: Թերևս սատկի առանց մոր:

– Թողնենք,- ասաց Աշոտիկը:

Այդպես էլ արեցին: Աշոտիկը բացեց ձեռքը: Փոքրիկ սալամբը նստել էր ափի մեջ և չէր շարժվում, շատ էր վախենում: Աշոտիկը զգուշորեն թռցրեց նրան: Սալամբը թռավ մի հինգ քայլ, նստեց գետնին ու աչքից կորավ. Փոսի մե՞ջ մտավ, որևէ տերևի տա՞կ սողաց, կամ մի գուցե ուղղակի կպավ գետնին, չիմացանք, միայն թե անմիջապես անհետացավ:

Այ թե ճարպկությամբ են թաքնվում այդ սալամբները:

Աշոտիկն ու պապիկը զամբյուղները լցրին սնկերով ու տուն եկան, իսկ սալամբը թռչկոտում էր մի թփից մյուսը` խաբելով փոքրիկ շնիկին:

Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում