Նապաստակի ձագերի մասին

Նապաստակի ձագերի մասին

Մի օր հայրիկը տուն է գալիս ձեռքին նապաստակի երկու ձագուկ: Այ թե հիանալի՜ ձագուկներ էին, մի տեսակ բրդոտ գնդակներ: Ականջները` զատ-զատ, աչքերը` մեծ, դարչնագույն: Իսկ թաթիկները` փափլիկ-փափլիկ, ասես փոքրիկ թաղյակներ էին հագել:

Սիրելի երեխաներ, թաղյակը կտորից գուլպա է: Հիշեք այս բառը` թաղյակ, գեղեցիկ բառ է չէ՞: Ուզեցին ձագերին կերակրել: Խոտ տվին`չկերան: Կաթ լցրեցին ամանի մեջ` կաթն էլ չխմեցին…Կո՞ւշտ են, ի՞նչ է:Իսկ հենց բաց թողեցին հատակի վրա, սկսեցին ուղղակի ցատկել ոտքերի վրա: Դնչիկները մոտեցնում էին կոշիկներին և լիզում…Երևի իրենց մորն էին փնտրում: Կաթիկ էին ուզում: Այդ միջոցին ներս մտավ Սուրենի շունը: Նա նույնպես ուզում էր նայել ձագուկներին: Այդ խեղճերը ցատկեցին դեպի շունիկը, ուզում էին բարձրանալ մեջքին…Շունիկը գռմռաց, ատամները ցույց տվեց և փախավ:

Հապա ինչպես պիտի կերակրին նապաստակի ձագուկներին: Ախր այդ խեղճերը սովից կմեռնեին: Մտածեցին, մտածեցին եւ վերջապես գտան: Այն էլ ինչպիսի ելք: Գնացին ձագուկների համար մայր կատու փնտրելու: Հարևանի տան մոտ, նստարանի վրա մի կատու կերակրում էր իր ձագուկներին: Նա խայտաբղետ էր, նախշուն, նույնիսկ քիթը գույնզգույն էր: Կատվին քարշ տվեցին ձագերի մոտ, իսկ նա այնպես փնչացրեց թավ ձայնով, որ էլ չասած: Չէ այս մեկից բան դուրս չեկավ, մտածեցին հայրիկն ու Սուրենը ու գնացին մեկ ուրիշին փնտրելու: Մեկ էլ տեսան հողաթմբի վրա պառկած է մի կատու`ամբողջովին սև, սպիտակ թաթերով: Արևկող արել, մռռում էր…

Իսկ երբ ձագերին դրին նրա մոտ, անմիջապես ճանկերը բաց արեց ու փշաքաղվեց: Սա էլ բանի նման չէր: Դարձյալ սկսեցին մայր կատու փնտրել: Եվ գյուղի ծայրին գտան: Արտաքինից լավն էր, սիրալիր: Բայց քիչ մնաց, որ այդ սիրալիր կատուն ուտեր ձագերին: Հենց որ տեսավ նրանց, դուրս թռավ հայրիկի ձեռքից ու ընկավ նապաստակների վրա, ինչպես մկների:Երևի նապաստակի ձագուկները սովից կմեռնեին, եթե չգտնվեր չորրորդ կատուն: Նա ինքը եկավ հայրիկի ու Սուրենի մոտ: Իսկ եկավ, որովհետեւ ձագուկներ էր փնտրում: Նրա ձագերը սատկել էին, նա ամբողջ գյուղը ման էր եկել, փնտրել նրանց…

Շեկլիկ էր, նիհար: Կերակրեցին նրան, ջուր տվին, պառկեցրին պահարանի գոգին ու նապաստակի ձագերին բերին մոտը: Սկզբում մեկին, հետո մյուսին: Նապաստակի ձագերը կպան նրան ու իսկույն սկսեցին կաթիկ խմել, նույնիսկ ճմճմացնում էին, կաթ էին գտել:Իսկ կատուն սկզբում ցնցվեց, անհանգստացավ, հետո սկսեց լիզել նրանց և նույնիսկ երգ մռմռաց քթի տակ :

Ուրեմն, ամեն ինչ կարգին է: Շատ օրեր կատուն կերակրեց նապաստակի ձագերին: Պառկում էր նրանց հետ պատուհանի գոգին, իսկ մարդիկ կանգ էին առնում պատուհանի տակ ու նայում:

– Այ քեզ հրա՜շք. Կատուն նապաստակի ձագեր է կերկարում:

Հետո նապաստակի ձագերը մեծացան, սովորեցին խոտ ուտել ու փախան անտառ: Անտառում նրանք ազատ կապրեին:

Իսկ կատուն իսկական ձագեր ունեցավ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում