Հիմար տղան

Հիմար տղան

Կար-չկար մի շատ հիմար տղա կար, անունը Վահանիկ էր: Նա ամեն ինչ լիզում էր: Ճաշը ուտում վերջացնում էր ու լիզում էր ափսեներն ու գդալ, պատառաքաղները: Նկարները

Ներկելիս վրձինն էր բերանը տանում: Չէ որ կարելի է թունավորվել. Ներկերը թունավոր են լինում: Քաղցրեղեն ուտելիս լիզում էր պնակը իր շնիկի նման: Նա փողոցում էլ ամեն ինչ լիզում էր ու բերանն էր տանում:

Սառցալուլա էր տեսնում` իսկույն բերանն էր տանում: Իսկ երբ ձյուն էր գալիս, Վահանիկը հենց մի գլուխ քայլում էր փողոցում` լեզուն դուրս գցած: Գնում էր եւ սպասում, թե երբ լեզվի վրա ձյան փաթիլ կընկնի:

Բոլորովին հիմարիկ էր այդ Վահանիկը:

Մի անգամ շատ խիստ սառնամանիք էր: Փողոցում ամեն ինչ ծածկվել էր եղյամով. և՛ ծառերը, և՛ թփերը, և՛ ցանկապատը, և՛ տները:

Շուրջը ամեն ինչ սպիտակ էր:

Վահանիկը գնաց զբոսնելու: Զբոսնեց պրծավ, ետ էր վերադառնում: Բարձրացավ արտասանդուղք եւ ի՜նչ տեսնի. դռան պղնձյա բռնակը նույնպես ծածկվել է եղյամով` դարձել սպիտակ-ապիտակ, ինչպես շաքար:

Վահանիկը լեզուն դուրս գցեց և լիզեց այդ բռնակը: Իսկ լեզուն կպավ բռնակին, մնաց:

Սառեց: Վահանիկն ուզում էր լեզուն պոկել, բայց ցավում էր: Ուզում էր գոռալ, իսկ մի՞թե դուրս հանած լեզվով կարելի է գոռալ:

Վահանիկը կծկվել էր դռան մոտ, քիթը կպցրել դռանը ու մզզում էր:

Մոտ վազեցին տղաները` Վահանիկի ընկերները: Հարցնում են.

– Ի՞նչ ես անում, Վահանիկ, ինչո՞ւ ես կանգնել:

Իսկ հիմար Վահանիկը պատասխանել չի կարողանում, կանգնել ու մզզում է:

Տղաները վախեցան, վազեցին դռնապահ Գուրգեն պապի մոտ ու ձայն տվին.

– Գուրգեն պապի, Գուրգեն պապի, Վահանիկի լեզուն կպել է:

Գուրգեն պապն անմիջապես հասկացավ, վերցրեց տաք ջրով թեյամանը եւ վազեց Վահանիկի մոտ: Սկսեց տաք ջուր լցնել պղնձե բռնակին: Լցրեց, լցրեց, թեյամանի ամբողջ ջուրը դատարկվեց:

Բռնակը տաքացավ, և լեզուն պոկվեց:

Այդ օրվանից Վահանիկը այլևս ոչինչ չի լիզում:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում