Թող ուրիշն անի

Թող ուրիշն անի

Ճանապարհով անցնում էր երեք մարդ: Քամի է սկսվում, բուք ու բորան: Եղանակը վատանում է, իսկ մինչև ամենամոտիկ գյուղը դեռ ահագին ճանապարհ կար: Ի՞նչ անեին:

Ճամփորդները որոշում են մտնել մի հին տաճար, սպասել մինչև եղանակը հանդարտվի:

Սակայն գնալով բուքը սաստկանում է ու ճամփորդները սրտից կսառչեին, եթե մի ճար չգտնեին:

– Ի՞նչ ցուրտ է, դիմանալ չի լինում,- ասում է առաջինը:

– Ձեռքերս ու ոտքերս փայտացել են,- ասում է երկրորդը:

– Եթե այսպես շարունակվի մենք բոլորովին կսառչենք,- ասում է երրորդը:

Ցրտից պաշտպանվելու համար այս մարդիկ կարո՞ ղ էին փայտ ու ցախ հավաքել ու կրակ անել: Կարող էին չէ՞: Բայց …

– Եթե մի քիչ փայտ բերվի, կրակ կանենք, կտաքանանք:

– Այո, շատ լավ կլիներ,- ասում է երկրորդ ճամփորդը:

– Այո, եթե փայտ բերվեր, գիշերը այստեղ կանցկացնեինք,- ասում է երրորդ ճամփորդը:

Երեքն էլ խոսում են փայտի մասին, բայց ոչ ոք տեղից չի շարժվում:

Իսկ սառնամանիքը գնալով սաստկանում էր: Այդ ժամանակ նրանցից մեկը դիմում է մյուսին.

– Գնա փայտի, ես կգնայի, բայց ոտքերս ցավում են, չեմ կարող:

Իսկ այս մեկն էլ ասում է երրորդին.

– Փորս շատ է ցավում, դու գնա փայտի:

Իսկ այս մեկն էլ մյուսին է ասում.

– Ավելի լավ է դու գնաս, գլուխս պտտվում է, հազիվ եմ ոտքի վրա կանգնած մնում:

Իհարկե, նրանք հիվանդ չէին, նրանց ոչ մի տեղն էլ չէր ցավում, պարզապես յուրաքանչյուրը մտածում էր, որ փայտ բերել ու կրակ անելը իր գործը չի, այլ մեկ ուրիշի:

Հենց այդպես էլ իրենք էին մտածում. «Ես հո իրենց ծառան չեմ, թող իրենք փայտը բերեն, իսկ ես կտաքանամ»:

Նրանք առանձին-առանձին նույն բանն էին մտածում, իսկ եղանակը գնալով վատանում էր, սառնամանիքը սաստկանում էր: Իսկ ճամփորդները շարունակում էին սառչել, բայց ոչ մեկը տեղից չէր շարժվում…

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում