Հարևանի հետ բարեկամություն արա

Հարևանի հետ բարեկամություն արա

Երկու թագավորություն գտնվում էին կողք-կողքի: Այնքան մոտիկ, որ կանայք կանգնում էին պատշգամբում ու զրուցում էին իրար հետ: Երեխաները խաղում էին միասին, իսկ հայրիկները միասին էին գնում որսի և խնջույքներն էլ միասին էին անում: Այսինքն՝ այս երկու հարևան երկրների մարդիկ սիրում էին իրար հետ հարևանություն անել: Իսկ այ թագավորներից մեկը, այնքան էլ գոհ չէր այս հարևանությունից: Իսկ գիտեք, ո՞րն էր պատճառը: Օրերից մի օր զրուցում են երկու թագավորները:

– Մենք հարևաններ ենք, պետք է օգնենք մեկմեկու: Եթե հարձակվեն մեր երկրների վրա, մենք պիտի դուրս գանք մեր հակառակորդի դեմ:

Թագավորներից մեկը թեև հարուստ էր, սակայն շատ տգետ էր, այսինքն՝ անհասկացող: Եվ ահա այս տգետ թագավորը պատասխանում է.

– Ես ուզում եմ, բարեկամություն անել ավելի հարուստ երկրի թագավորի հետ: Ուզում եմ, որ իմ հարևանը լինի ուժեղ պետություն: Ես շատ եմ ցավում, որ քեզ հետ չեմ կարող բարեկամություն անել, քանի որ քո երկիրը այնքան էլ հարուստ չէ: Դրա համար էլ այնքան էլ գոհ չեմ, որ մենք այսքան մոտ ենք ապրում:

Մյուս երկրի թագավորը, որն այնքան էլ հարուստ չէր, բայց խելացի էր, պատասխանում է.

– Իսկ քանի՞ օրվա ճանապարհ է մինչև մյուս՝ հարուստ երկիրը:

– Հեռու է: Արագավազ ձիով կարելի է հասնել քսան օրում,- պատասխանում է տգետ թագավորը:

Այդ ժամանակ խելացի թագավորն ասում է.

– Իսկ եթե հանկարծ ձեր երկրի վրա հարձակվեն ու կոտորեն քո ժողովրդին: Փչացնեն քո այգիներն ու դաշտերը: Այրեն պալատներդ, ընտանիքիդ սրի մատնեն, ո՞վ կգա քեզ օգնության, ո՞վ կփրկի քեզ ու ընտանիքդ: Մի՞թե կարծում ես, քո ընտրած հարուստ թագավորը, որ այդքան հեռու է ապրում քո երկրից, կարո՞ղ է ժամանակին օգնության հասնել ու ազատել երկիրդ թշնամիներից:

Եվ այստեղ տգետ թագավորը ընդունում է իր հարևան թագավորի իմաստուն խորհուրդն ու ասում.

– Խելոք բան ես ասում: Ես միայն քո օգնությանը կարող եմ դիմել, քանի որ դու շատ մոտ ես ինձ: Այսուհետև, ես կօգնեմ քեզ, որ քո երկիրն էլ իմ երկրի պես հզոր լինի, և մենք միշտ կապրենք կողք-կողքի ու մեր երեխաներն էլ կխաղան մի բակում:

Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում