Լավություն արա, գցիր ջուրը

Լավություն արա, գցիր ջուրը

Ժողովուրդն ասում է. «Լավություն արա, գցիր ջուրը»: Մի ժամանակ ապրում էր մի միամիտ հովիվ: Անունը Մարտո: Նա աշխատում էր այնպես քայլել, որ մրջյուն անգամ չտրորի: Բարություն էր անում թե՛ ծանոթի, թե՛՚ անծանոթի: Իսկ ոչխարը հանդ տանելիս՝ ամեն առավոտ, դեռ հաց չկերած, մի լավաշ գցում էր գետը: Հաճախ հովվի հետ հանդ էր գնում իր մինուճար տղան՝ Սարոն: Մի անգամ նա հարցնում է.

– Հայրիկ, ինչո՞ւ ես հացը ջուրը գցում:

– Ձկների համար, որդիս: Սոված կլինեն, թող ուտեն, կշտանան:

Տղան էլ հորից սովորել, ամեն օր նախաճաշին վերցնում էր մի լավաշ ու գցում գետը:

Ձկները արդեն ճանաչում էին բարի տղային ու հովվին: Գլուխները ջրից դուրս հանած՝ նրանք սպասում էին փոքրիկ Սարոյին: Եվ երբ նա լավաշը ջուրն էր նետում, ուրախ-ուրախ վրա էին հասնում, հացը քաշում, տանում ջրի տակ: Բայց մի օր մեծ դժբախտություն պատահեց: Կամրջով անցնելիս, ինչպես եղավ, Սարոն սայթաքեց ու գլորվեց գետի ալիքների մեջ: Հայրը հեռվից տեսավ, բայց մինչև վազելով հասավ կամրջին, տղան էլ աչքին չերևաց, սուզվել էր ջրում: Հայրը սկսում է ախ ու վախ անել որդու համար… Իսկ ի՞նչ է պատահում Սարոյին, երբ նա գետն է ընկնում: Դու մի ասիլ, տղան որ գետն է ընկնում, ծանոթ ձկներն իսկույն ևեթ վրա են հասնում և առնելով իրենց մեջքներին՝ տանում են ձկների թագավորի պալատը:

– Ահա այն տղան,-ասում են իրենց թագավորին,- որ մեզ համար ամեն օր լավաշ էր ջուրը գցում:

– Մի՞թե դու ես այդ բարի տղան: Դե որ այդպես է, ասա, ինչ որ ուզում ես իսկույն կկատարվի:

– Ես ոչ մի բան չեմ ուզում,- մրմնջում է տղան,- միայն ուզում եմ գնալ մեր տուն, հայրիկիս ու մայրիկիս մոտ:

Տղային փորձելու համար, թագավորն ասում է.

– Քո հայրը սովորական հովիվ է, քեզ չի կարող լավ պահել: Ես ջրերի թագավորն եմ, ունեմ անչափ հարստություն, բայց երեխա չունեմ: Արի դարձիր ինձ տղա:

– Չէ, ես թագավոր դառնալ չեմ ուզում: Իմ հայրն ու մայրը ինձանից բացի ուրիշ զավակ չունեն, ես պիտի մեծանամ, նրանց պահեմ:

Թագավորը, տեսնում է, որ տղան ազնիվ է, հարցնում է նրան.

– Արդյո՞ք դու հաշվել ես, գիտես, թե քանի հատ լավաշ ես ջուրը գցել ու կերակրել իմ ձկներին:

– Ոչ, ես չեմ հաշվել,- ասում է տղան:

Եվ թագավորը մի իմաստուն խրատ է տալիս բարի տղային.

– Այդ լավ է. բարություն անողը չպետք է հիշի իր արածը, իսկ բարիք ստացողը՝ երբեք չմոռանա: Մենք հաշվել ենք հայրիկիդ ու քո տված հացերը, դու մեզնից կստանաս նույնքան մարգարիտ ու անգին քար:

Ջրային թագավորությունում իսկական խառնաշփոթ է սկսվում: Ձկները ամենախոր տեղերից դուրս են բերում շողշողուն թանկարժեք մարգարիտներ ու քարեր: Նրանք այդ թանկարժեք քարերն ու մարգարիտները կախում են երկար մամուռների վրա: Դրանցով վզնոց են սարքում ու գցում են տղայի վիզը: Այնուհետև ձկները տղային անվնաս դուրս են բերում ջրից:

Սարոն ողջ ու առողջ մտնում է տուն: Հայրն ու մայրը տեսնելով իրենց մինուճարին, զարմանում են, ուրախանում, հրավիրում են բոլոր համագյուղացիներին ու խնջույք են անում: Սարոն պատմում է, թե ինչ հարստություն է տեսել գետի խորքում, սակայն այդ հարստությունը չի փոխել իր հոր մեկ խոսքի հետ.«Լավություն արա, ջուրը գցիր»:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում