Գորշ ու սպիտակ արջուկները

Գորշ ու սպիտակ արջուկները

Վաղուց, շատ վաղուց արջուկները ոչ գորշ էին, ոչ էլ սպիտակ: Նրանք պարզապես վառ-դեղնավուն էին ու թավշե փափուկ մորթի ունեին: Բոլորը գիտեն, որ արջուկները մեղր շատ են սիրում: Եվ հենց այդ քաղցր մեղրի պատճառով էլ արջուկներից մեկը ստանում է գորշ գույն, իսկ մյուսը՝ սպիտակ: Արջուկները մեղրի բույրը առնում էին թե չէ, արագ վազում էին դեպի մեղվի փեթակները: Թաթիկները ներս էին մտցնում, մեկ էլ մեղուները բզզացնելով հարձակվում էին նրանց վրա ու խայթում դնչիկներն ու թաթիկները:

– Ես այլևս մեղր չեմ ուտի, նրանք ինձ պատժում են դրա համար,- մի օր ասում է արջուկներից մեկը:

– Իսկ ես մեղր շատ եմ սիրում, և չեմ վախենում նրանցից: Ինչքան ուզում են թող խայթեն, միևնույնն է՝ մեղրից անուշ ոչինչ չկա,- ասում է մյուս արջուկը:

Այդ օրից սկսած, մի արջուկը ուտում է անտառի հատապտուղները: Մոռն ու մոշը նույնպես համեղ ու քաղցր էին, այնպես որ, կարելի էր առանց մեղրի էլ ապրել: Իսկ այ, մյուս արջը, որը ոչ մի կերպ չէր հրաժարվում մեղրից, մի փայլուն ծրագիր է մշակում: Մի օր նա դիմում է իր ընկեր թիթեռնիկներին:

– Ինձ զզվեցրել են տզզան ու բզզան մեղուները: Ես նրանց հախից պիտի գամ: Ես մի սայլ եմ պատրաստել, կնստեմ այդ սայլի մեջ, իսկ դուք սայլի պարանը քաշելով, ինձ օդ կբարձրացնեք, ես էլ օդում, այս ճիպոտով այդ անպիտան մեղուներին մի լավ կդնգստեմ: Հերիք է ինչքան ինձ խայթեցին, հիմա նրանք կտեսնեն, թե ով եմ ես:

Արջուկը մի սայլակ է պատրաստում, կապում է թիթեռնիկների մեջքից ու նրանց հետ օդ է բարձրանում ու այնտեղից՝ տուր թե կտաս մեղուներին: Իսկ մյուս եղբայրը ներքևում նայում է եղբորը ու այնքան է ծիծաղում, որ փորիկն սկսում է ցավել: Ներքևում կանգնած եղբայրը երկար է սպասում օդ բարձրացած եղբորը ու այդպես էլ չի տեսնում նրան, պառկում է մի ծառի տակ ու քնում: Իսկ առավոտյան մեղուները նկատում են գետնին պառկած արջուկին, գալիս ու սկսում են խայթել նրան:

– Ես ոչինչ չեմ արել ձեզ, ես էլ մեղր չեմ ուտում, հիմա միայն մոշ ու մոռ եմ ուտում, ինձ մի խայթեք, ես չեմ ձեզ ծեծողը:

Սակայն մեղուները չեն լսում նրան ու անում են իրենց դաժան գործը՝ խայթում են նրան: Արջուկը ցավից սկսում է լաց լինել: Ի՞նչ աներ խեղճը: Ցավը մի քիչ մեղմելու համար, մեղվի կծած տեղը ցեխ է քսում: Ցեխից ցավը սկսում է թուլանալ: Եվ, կարծես թե, գտնում է ցավից ազատվելու դեղը: Նա արդեն առանց վախի մեղր է ուտում, իսկ երբ մեղուները խայթում են, անմիջապես ցեխ է քսում, ու ցավն անցնում է: Միայն թե, շատ ցեխոտվելուց կոշտանում ու մգվում է արջուկի մորթու գույնը և դեղնավուն արջուկը դառնում է մուգ շագանակագույն: Մորթին կոպտանում է և մեղվի խայթոցը էլ մարմնին չի հասնում: Իսկ ո՞ւր կորավ մյուս արջուկը, ու՞ր տարան նրան թիթեռնիկները: Մեղուների հետևից ընկած, թիթեռնիկները նրան շատ են վեր հանում:

Հանկարծ երկնքում ուժեղ քամի է բարձրանում, և թիթեռնիկներն ու արջուկը ընկնում են Հյուսիսային երկիր: Իսկ այնտեղ միշտ ձմեռ է: Ցրտից թիթեռնիկները սատկում են, իսկ արջուկը ուշագնաց է լինում: Իսկ երբ բացում է աչքերը, տեսնում է, որ պատված է ձյան հաստ շերտով: Ցուրտ էր: Արջուկը շատ էր ուզում տուն վերադառնալ, բայց մի որոշ ժամանակ անց, սովորում է իր նոր կյանքին, իր նոր ճերմակ մուշտակին, որ առաջացել էր ձյան շերտից ու դառնում է սառցե երկրի տիրակալը: Եվ քանի որ այնտեղ մեղուներ ու մեղր չկար, մեր քաջարի արջուկը ստիպված ձկներ է ուտում, որ սովից չմահանա:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում