Շնիկի վիշտը

Շնիկի վիշտը

Շնիկը տխուր պառկել էր իր տնակում, դնչիկը դրել էր թաթերին ու մտածում էր. “Ի՜նչ վատ է մենակ լինելը: Ա՜յ թե մի քույրիկ կամ եղբայրիկ ունենայի…ամբողջ օրը իրար հետ կխաղայինք: Իսկ այսպես մենակ,տխուր…Ու՞մ հետ խաղաս: Կատվի՞…Բայց նա այնքա՜ն խարդախն է: Հենց որ թաթով կպչես, չանչում է, հետո ինքն էլ գնում գանգատվում է:

Հավիկի՞…Էհ,հավիկի հետ ինչպե՞ս խաղաս…Չէ՜,մենակ շա՜տ է տխուր”:Շնիկը մտածեց-մտածեց ու քիչ մնաց լաց լիներ: Բայց լաց չլինելու համար դուրս եկավ տնակից, որ տխուր մտքերը ցրի: Նա տնակի առաջ թափ տվեց իրեն ու պոչը ցցելով, հպարտ քայլեց բակով, որ ոչ ոք չնկատի իր տխուր լինելը:Հետո վեր նայեց ու տեսավ կատվին, որը բարձրացել էր ծառի վրա: “Պահ,մե՜ծ բան է,էլի,ե՜ս էլ կարող եմ բարձրանալ”,- մտքում ասաց Շնիկը: Նա տեսավ տան պատին հենած սանդուղքը, և քանի որ առանց սանդուղքի չէր կարող բարձրանալ որևէ տեղ, մխթարեց իրեն. “Ես էլ կբարձրանամ տան կտուրը”:

Նա բարձրացավ տան կտուրը ու աչքի տակով նայեց կատվին,կարծես ուզում էր ասել.

“Տե՜ս,ես էլ բարձրացա,ես էլ եմ վերևում”:Շնիկը պառկեց ու քանի որ կտուրից ամեն ինչ լավ էր երևում,ներքև նայեց:Բայց ամեն ինչ այնքան ծանոթ ու սովորական էր:Ակամայից Շնիկի հայացքը սահեց հավաբնի պատուհանից ներս:Եվ ի՞նչ տեսավ:Հավը նստած էր ՝աշտի մեջ: Հանկարծ տեղից վեր կացավ: Նրա տակ շատ ձվեր կային,իսկ ձվերի կողքը՝ փոքրի~կ-փոքրիկ ճտեր: Հավը տաշտի միջից կտուցով դուրս գցեց դատարկ ձվերի կեղևները ու նորից նստեց ձվերի վրա:Իսկ ճուտիկները մտան հավի թևերի տակ:Շնիկի աչքերը զարմանքից լայն բացվեցին:Նա հասկացավ,որ ճուտիկները դուրս են եկել կոտրված ձվերից: “Վայ, ինչ լավ է,-ուրախացավ Շնիկը,- վերջապես ես էլ կարող եմ քույրիկ ու ապերիկ ունենալ:

Եթե հավը նստեց ձվերին ու ճուտիկներ դուրս եկան, ուրեմն եթե նստեմ, շնիկ դուրս կգա: Միայն թե ձու ճարեմ: Ասենք հավաբնում շատ կա, կվերցնեմ”: Շնիկը կտուրից իջավ, մտավ հավաբուն: Այնտեղ մի քանի ձու կար: Նա ատամներով վերցրեց մեկը, բայց երևի ամուր սեղմեց, ու ձուն կոտրվեց: “Վայ, ես չգիտեի, որ ձվերն այսքան փխրուն են: Բայց ոչինչ, էլի կա”,- ինքն իրեն սփոփեց Շնիկը. զգուշությամբ վերցրեց երկրորդը ու գնաց տնակի կողմը: Մեկ էլ հանդիպեց Կատվին:

-Այդ ինչ ես տանում,- հետաքրքրվեց Կատուն:

Շնիկը զգուշությամբ ձուն դրեց գետնին և ասաց.

– Ձու:

– Ինչիդ է պետք:

– Տանում եմ տնակս, նստեմ վրան, որ միջից շնիկ դուրս գա:

– Դե գնա նստիր,- փռթկաց Կատուն ու փախավ: Շնիկը ոչինչ չհասկացավ նրա փռթկոցից, զարմանքով ուսերը շարժեց, նորից ձուն զգուշորեն առավ ատամների մեջ ու գնաց իր տնակը ու…ու նստեց ձվի վրա: Շատ նստեց Շնիկը, թե քիչ, չիմացավ: Հանկարծ հաչոց լսեց, որ մոտենում էր տնակին: Շնիկը հաչելով վեր թռավ և տնակից դուրս ցատկեց: Նա տեսավ տնակին մոտեցող փոքրիկ շնիկին, դունչը քսեց նրա դունչիկին, հոտոտեց ու հարցրեց.

– Դու ով ես:

– Շնիկ եմ,- պատասխանեց նորեկը:

– Ոնց եկար այստեղ:

– Մեր բակում մենակ էի, իսկ մենակ շատ տխուր է: Եկա ընկեր փնտրելու:

– Ես էլ եմ մենակ: Ինչ լավ է…Ընկերներ կդառնանք և մենակ չենք լինի: Եվ նրանք սկսեցին միասին խաղալ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում