Ով է ամենից ուժեղը

Ով է ամենից ուժեղը

Մի օր կենդանիների արքա առյուծը իրեն տիրակալ կարծելով զբոսնում է անտառում:

Բայց ահա մի օր նա պատահմամբ լսում է աղվեսի, գայլի ու բորենու զրույցը: Նրանք ասում էին.

– Ամենաուժեղը մարդն է: Նա շատ հզոր է, իսկական արքա:

Առյուծը մոտենում է ու բարկացած հարցնում.

– Այդ ի՞նչ եք խոսում: Ինձնից հզոր էլ կա՞: Ցույց տվեք ինձ մարդուն, և կհամոզվեք, որ ես եմ ուժեղներից ուժեղը, արքաներից արքան:

Կենդանիները դուրս են գալիս անտառից ու սպասում են մարդուն: Իսկ անտառի մոտ մի տնակում ապրում էր մարդը: Նա շինարար էր: Տուն էր կառուցում: Այս մարդը նաև երկաթից դռներ, վանդակներ էր պարաստում: Ահա կենդանիները տեսնում են մարդուն ու ասում առյուծին.

– Տեր արքա, սա է մարդը:

– Սա՞,- զարմացած հարցնում է արքան,- այս երկու ոտնանին ու նիհարիկը մա՞րդն է: Սա ինչպե՞ս կարող է հզոր լինել:

Եվ առյուծը մոտենում է մարդուն: Մարդը, որ տեսնում է առյուծին, բոլորովին չի վախենում, նա հանգիստ իր գործն է շարունակում:

– ի՞նչ ես անում,- հարցնում է առյուծը:

– Ձիուս համար տուն եմ սարքում, որ հանգիստ ապրի:

– Ձիդ կսպասի, դու ինձ համար կարող ես տուն սարքել,- հարցնում է առյուծը:

– Դա ամենահեշտ գործն է: Տես, ես արդեն մի պատրաստի տուն ունեմ, արի մեջը մտիր, տեսնեմ քո չափով է, թե՝ ոչ:

Հնարամիտ մարդը առյուծին տանում է դեպի ճաղերով պատրաստած վանդակի մոտ:

Բացում է վանդակի դուռը և ասում առյուծին.

– Ճիշտ ես ասում, առյուծ, իմ ձին կսպասի, նրա համար մեկ այլ տուն կպատրաստեմ: Բայց դու շատ ես անհամբեր, շուտ ես ուզում տունդ տեսնել:

Մարդը առյուծին մտցնում է մի մեծ վանդակի մեջ, հետո դուրս է գալիս այնտեղից ու դուռը փակում է բանալիով:

-Մարդ, շատ լավն է տունս, իրոք, դու ուժեղ ես, որ կարող ես այսպիսի տներ կառուցել մեզ համար: Դե, հիմա ուզում եմ դուրս գալ, ընկերներս ինձ են սպասում:

Սակայն առյուծը այլևս դուրս չի գալիս այնտեղից, որովհետև մարդը վանդակի դուռը փակել էր վրան: Քիչ հետո գալիս են նրա ընկերները՝ աղվեսը, գայլը, բորենին, տեսնում են իրենց արքային վանդակի մեջ ու ասում.

– Հիմա համոզվեցիր, որ մարդը շատ զորեղ է: Նա իր խելքով ամեն ինչի կհասնի:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում