Ոսկի ցանող մարդը

Ոսկի ցանող մարդը

Լինում է չի լինում մի աշխատավոր ու անմեղ մարդ: Այդ երկրում, որտեղ ապրում էր մարդը մի օր գողություն է արվում: Էս թագավորի նազիր-վեզիրները դես են ման գալիս, դեն են ման գալիս, գալիս կանգնում են այս խեղճ մարդու գլխին ու ասում են.

– Մեր քաղաքում գողություն է եղել և այդ գողը դու ես:

– Ես անմեղ եմ: Ինձ բանտ մի գցեք:

Սակայն նազիր-վեզիրները, ոչինչ չեն ուզում լսել և խեղճ մարդուն հրելով տանում են թագավորի մոտ: Թագավորն էլ լսել է իր ծառաների խոսքը, հավատում է նրանց ու հրամայում է գլխատել այս աշխատավորին: Գալիս է գլխատման օրը: Բայց այս մարդը շատ հնարամիտ էր: Եվ իր կյանքը փրկելու համար, մի այսպիսի չլսված սուտ է հորինում:

– Տեր արքա, ինձ սպանելով, դուք կզրկվեք մեծ հարստությունից: Քանի որ ես անում եմ այն, ինչը ինձնից հետո ոչ ոք չի կարող անել:

– Իսկ դու ինչ գիտես անել, որ մյուսները չգիտեն,- հարցնում է թագավորը:

– Ես գիտեմ ոսկի ցանել,- պատասխանում է մարդը:

– Ի՞նչ, ոսկի՞,- ոսկու մասին լսելով աչքերը շողշողացնում է թագավորը:- Եթե դու իրոք, ոսկի ցանել գիտես, ապա ես վերացնում եմ քո դատավճիռը:

Դատապարտյալը համաձայնեց, նա հողը վարեց ու պահանջեց ոսկի բերել.

– Ամեն ինչ պատրաստ է,- ասաց մարդը,- ոսկին կարող է ցանել միայն այն ազնիվ մարդը, ով իր կյանքում ոչ մի բան չի գողացել: Ես ոչ մի բան չեմ գողացել, բայց քանի որ մեղադրվում եմ գողության մեջ, ապա ես ոսկին ցանել չեմ կարող:

Թագավորը ստիպված դիմում է իր ծառայողներին: Բայց բանից պարզվում է, որ թագավորի պալատում չի գտնվում գոնե մեկ աշխատող, որ լիներ ազնիվ, քանի որ բոլորը՝ դատավորը, բժիշկը, քահանան ու ծառաները ազնիվ կյանքով չէին ապրում: Եվ բնականաբար, բոլորն էլ հրաժարվում են ոսկին ցանել: Անմեղ մարդը դիմում է թագավորին, բայց թագավորն էլ է հրաժարվում ոսկին ցանել, ասելով՝ որ ինքն էլ ազնիվ չի եղել երբեք: Իսկ հնարամիտ մարդը զարմացած ասում է.

– Օ՜, տեր արքա, սա ի՞նչ բան է, ուրեմն քո պալատում ոչ մի ազնիվ մարդ չկա, իսկ ես, որ իմ ամբողջ կյանքում ոչինչ չեմ գողացել, դու հրամայում ես ինձ կախել որպես գո՞ղի:

Սուտը՝ սուտ, բայց բոլորն էլ հավատացին, որ ոսկիները միայն ազնիվ մարդիկ կարող են ցանել:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում