Փաստաբանի խորհուրդը

Փաստաբանի խորհուրդը

Մի քաղաքում ապրելիս է լինում մի մարդ՝ Ճարպիկ մականունով: Նրան այդպես են անվանում այն պատճառով, որ սիրում է խարդախություն անել ու իր ծուղակը գցել ազնիվ մարդկանց: Ահա մի անգամ այս Ճարպիկ մականունով մարդը կարողանում է իր կովը միանգամից ծախել յոթ մսագործի ու բոլորից կանխավճար ստանալ: Մի օր էլ նրանք ամբողջ խմբով գալիս են իրենց ապրանքի ետևից ու տեսնում, որ ընդամենը մի կով է: Ո՞ր մեկը վերցներ: Մսագործները զայրանում են ու աղմուկ բարձրացնում և Ճարպիկին դատի են տալիս: Այստեղ խաբեբա Ճարպիկը սկսում է մտածել, թե ինչպես պրծնի դատ ու դատաստանից: Մտածում է, մտածում, քիչ է մնում գլուխը պայթի, բայց ոչ մի ելք չի գտնում: Եվ ահա նրան կանչում են դատարան: Ճարպիկը թափառում է փողոցում ու շարունակ շուրջը նայում, ասես օգնություն է փնտրում: Պատուհանից մի փաստաբան տեսնում է նրան: Իսկ այս փաստաբանը Ճարպիկից ավելի խորամանկն է լինում:

– Ի՞ նչ է պատահել քեզ, տեսնում եմ, որ վիշտ ունես: Գուցե ես կարող եմ քեզ օգնել,- կանչում է փաստաբանը:

Եվ այստեղ Ճարպիկը պատմում է իր կատարած խարդախության և մսագործների դատի մասին: Փաստաբանը խոստանում է օգնել Ճարպիկին: Նա տալիս է մի այսպիսի խորհուրդ.

– Հենց որ մտնես դատարան, քեզ ամեն տեսակ հարցեր կտան: Դու միայն մի բան պատասխանիր. «Է՜, ձեռ քաշեք»: Եվ այլևս ուրիշ ոչ մի բառ մի ասա: Հասկացա՞ր:

Ճարպիկը դուրս է գալիս փաստաբանի մոտից: Եվ որոշում են, որ դատից հետո Ճարպիկը վարձահատույց պիտի լինի փաստաբանին: Խաբեբա Ճարպիկը գալիս է դատարան:

Դատավորը նրան հարցնում է.

-Ճիշտ է, որ դու կովը միանգամից յոթ մսավաճառի ես վաճառել:

Ճարպիկը պատասխանում է.

– Է՜, ձեռ քաշեք:

Այսինքն՝ է՜, հավես չունեմ ձեր հարցերին պատասխանել:

Դատավորը նորից է նրան հարցնում.

– Դու կարգին պատասխանիր, կովը ծախե՞լ ես, թե ոչ:

Իսկ Ճարպիկը իրենն է պնդում.

-Է՜, ձեռ քաշեք:

Այստեղ դատավորը համբերությունից դուրս է գալիս: Խեցգետնի նման կարմրում է ու կռանում Ճարպիկի ականջին և գոռալով տալիս նույն հարցը:

Իսկ Ճարպիկը պատասխանում է.

– Է՜, ձեռ քաշեք:

Չարչարվում են, չարչարվում ու ոչ մի կարգին խոսք չեն լսում նրանից: Այդ ժամանակ դատավորն ասում է գանգատավորներին.

– Բարի մարդիկ, ես չեմ կարողանում այս գործից գլուխ հանել: Ինքներդ էլ տեսնում եք, որ այս մարդը նորմալ չի: Ստիպված ենք նրան բաց թողնել:

Եվ շուռ է գալիս դեպի Ճարպիկն ու ասում.

– Գնա տուն, դու ազատ ես:

Իսկ Ճարպիկը նորից իրենն է ասում.

– Է՜, ձեռ քաշեք,- և տեղից չի շարժվում:

Ծառաները բռնում են նրա վզակոթից ու դուրս շպրտում: Ճարպիկը ծիծաղում է ու գնում տուն: Իսկ փաստաբանը պատուհանի առաջ կանգնած նրան էր սպասում՝ վարձը ստանալու: Բայց տեսնում է, որ Ճարպիկը դուրս է գալիս դատարանից ու իսկի նրա մտքով չի էլ անցնում իր տուն մտնել: Այդ ժամանակ փաստաբանը դուրս է թռչում փողոց ու բղավում:

– Է՜յ, սպասի՛ր, սպասի՛ր: Տուր իմ փողը:

– Է՜, ձեռ քաշիր:

Այսպես է պատասխանում Ճարպիկը ու շարունակում իր ճանապարհը:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում