Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակությանը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերի և ուղեկցությամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանի:

Հանդիպման սկզբում պրն. Թորոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հալլեի համալսարանի պատվիրակության անդամներին, ապա խոսեց Պետական լեզվաբանական համալսարանի հետ նախանշվող համագործակցության հեռանկարների մասին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի ու համալսարանի միջև առկա է բազմամյա սերտ համագործակցություն: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռի միաբաններին և առհասարակ հայ երիտասարդներին համալսարանում ուսանելու հնարավորության ընձեռելու համար: Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այդ համագործակցության ձևավորման գործում իր անուրանալի ավանդն ունի Հալլե քաղաքի հայկական համայնքը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ողջունեց երկու կրթական հաստատությունների միջև սկզբնավորվող գործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն իր արդյունավետությամբ առավել կնապաստի երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Իր հերթին Հալլե-Վիթենբերգի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերը ևս ողջունեց երկու համալսարանների միջև հաստատվող կապերը` կարևորելով դրանք մշակութային փոխճանաչողության առումով:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց առկա կացության վերաբերյալ` ներկայացնելով քաղաքական ուժերի միջև երկխոսության սկզբնավորմանը, ինչպես նաև խաղաղության ու համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում