Հասմիկ Հակոբյան․«Մերօրյա ժամանակներին այս պահին բնորոշ է հաճախասրտությունը»

Հասմիկ Հակոբյան․«Մերօրյա ժամանակներին այս պահին բնորոշ է հաճախասրտությունը»

Պատասխանելով Aravot.am-ի հարցին` գրողը, մշակույթի մարդը պարտադիր պե՞տք է լինի հրապարակներում, որպեսզի ստեղծվի իսկական գրականություն, թե՞ իր գրականությունն արդեն խոսափող է, մեր ժամանակների իրողությունների արտացոլում, granish.org կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը նշեց. «Ինչպես յուրաքանչյուր անձ, այնպես էլ գրողը, իր ապրած ժամանակի ծնունդն է և չի կարող փակ աչքերով նայել իր շուրջ կատարվող քաղաքական անցուդարձին: Ինչքան էլ դու չքաղաքականացված լինես, միևնույն է, այս հասարակության անդամ ես, և, հետևապես, այնտեղ կատարվող բոլոր տարուբերումները, դեմոգրաֆիական, բարոյահոգեբանական փոփոխությունները նաև քեզ են հասնում»:

Նրա ձեւակերպմամբ. «Մեծ հաշվով չկա լուրջ գրականություն, որ իր ժամանակից դուրս է, սակայն, մյուս կողմից գրողի նյութը ոչ թե իրադարձություններն են, այլ մարդը: Եվ, հետևապես, նրա ստեղծած գրականության մեջ հեղափոխություն ու ցույցը, ոչ թե դեպքերի սոսկական վավերագրում պետք է լինեն, այլ խոսեն մարդու հոգեբանական ու կենսաձևային փոփոխությունների մասին:

Մերօրյա ժամանակներին այս պահին բնորոշ է հաճախասրտությունը (տախիկարդիա), ամեն ինչ չափազանց լարված է ու ոչ միանշանակ: Ժամանակ է պետք, որ գրողն ու գրական ընթացքը վերադառնան իրենց բնական հունին, դանդաղ վերլուծություններ կատարեն և վերարտադրեն այս օրերի անցուդարձը: Եվ ես հույս ունեմ, որ գրական ընթացքի դանդաղ, թույլ իմպուլսները այս իրադարձություններից հետո նոր էներգիա ու լիցք կստանա, և մենք կունենանք նոր խնդիրներ, ճանապարհներ փնտրող գրականություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում