Եռաքաղաքացի դիրիժորը քառորդ դար անց վերադարձել է Երևանի օպերային թատրոն

Եռաքաղաքացի դիրիժորը քառորդ դար անց վերադարձել է Երևանի օպերային թատրոն

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 12-ին նշանակված է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերան:

Հիշեցնենք՝ 2017թ. ամռանը օպերային թատրոնը «Կարինե կոկտեյլ» նախագծի շրջանակներում ներկայացրեց օպերետի առաջին արարը՝ Ժիրայր Փափազյանի ռեժիսուրայով, դիրիժորն էր Հարություն Արզումանյանը: Կայանալիք պրեմիերան վստահված է դիրիժոր Նվարդ Անդրեասյանին:

Այս արվեստագետի անունը հայտնի է ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի շրջանում: Դիրիժորը 1970-ականներին մասնագիտական կրթությունը ստացել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Հերման Տերտերյանի դասարանում, այնուհետեւ Փարիզի կոնսերվատորիայում: 25 տարի առաջ Նվարդ Ասատրյանը Ազգային օպերային թատրոնում ղեկավարել է Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերաները: Նշենք նաեւ, որ արվեստագետը ծնունդով Ստամբուլից է, ապա տեղափոխվել է Ֆրանսիա: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ էլ նա ասաց, թե նաեւ ստացել է Հայաստանի քաղաքացիություն:

Խնդրեցինք ներկայացնել արտասահմանյան այլ օպերային թատրոնների հետ իր համագործակցությունը: «2000-ականների սկզբներին Գեղամ Գրիգորյանի հրավերով Երեւանում էի՝ ղեկավարելու Պուչինիի «Տոսկան»: Ինչ-ինչ պատճառներով դա չկայացավ: 2006թ. Մոսկվայի Գելիկոն օպերայում ղեկավարել եմ ժամանակակից կոմպոզիտոր Սերգեյ Նելլերի «Թինթաժիլի մահը» օպերան, 2009-ին Պերմի օպերային թատրոնում՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», 2015թ. Ստամբուլի եւ Անկարայի օպերային թատրոններում՝ Մոցարտի հազվադեպ կատարվող «La Finta Semplice» օպերան եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը՝ քառորդ դար անց դարձյալ Ազգային օպերային թատրոնում է մաեստրո Օրբելյանի հրավերով, դիրիժորը պատասխանեց, որ Կոնստանտին Օրբելյանի հետ իր հանդիպումը կայացել է տարիներ առաջ, Մոսկվայում. «Ռեժիսոր Ժիրայր Փափազյանի հետ մտերմությունը Փարիզից է: Դեռեւս 1996թ. նրա հետ աշխատել ենք Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի պարտիտուրի վրա, վերանայել ենք, սրբագրել… Այդ աշխատանքներին մեզ հետ էր նաեւ Եգիպտոսից ճանաչված երաժշտագետ Հայկ Ավագյանը… Հետո այնպես ստացվեց, որ «Արշակ Երկրորդը» բեմադրվեց Սան Ֆրանցիսկոյում, դիրիժորական վահանակի մոտ կանգնեց Լորիս Ճգնավորյանը: Ինչ վերաբերում է «Կարինե» օպերետին, Փափազյանի հետ աշխատել ենք՝ հիմք ընդունելով կոմպոզիտորի ձեռագիր պարտիտուրը: Երբ ռեժիսորը մաեստրոյից ստացել է ամբողջ օպերետը բեմադրելու առաջարկը, բնականաբար, Փափազյանը առաջարկել է իմ թեկնածությունը»:

Նվարդ Ասատրյանն առանց մանրամասնելու նշեց, որ երբ իր առջեւ փակ էր օպերային թատրոնը, 1995թ. ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ այն տարիների գեղարվեստական ղեկավար Էմիլ Խաչատուրյանի հրավերով, ղեկավարել է նաեւ Մերուժան Սիմոնյանի կամերային եւ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել իր գործունեությունը ոչ որպես օպերային դիրիժոր: «Քանիցս ղեկավարել եմ Ֆրանսիայի Լիլի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի «Պոլիխրոմ» ժամանակակից երաժշտության անսամբլը, Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մոսկվայի կապելլան, Նիդերլանդների Հիլվերսում ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Չեխիայի «Յանաչեք» ֆիլհարմոնիկը, Թուրքիայի Բուրսայի պետական սիմֆոնիկ եւ Ստամբուլի Կամերատա Սայգուն նվագախմբերը, Չինաստանի Տիանջինի սիմֆոնիկը եւ այլն»,- պատասխանեց Նվարդ Անդրեասյանը:

Անդրադառնալով դիրիժորի օպերային կարիերային, տեղին է մեջբերել ճանաչված օպերային ռեժիսոր Գեորգի Իսահակյանի՝ Նվարդ Անդրեասյանի հասցեին արտահայտած կարծիքը. «Դիրիժորի մասնագիտական հմտություններն ու զգացողությունները Մոցարտի օպերային ոճի վերաբերյալ բացահայտեցին ներկայացմանը մասնակից թատրոնի բոլոր ստեղծագործական օղակների անսամբլային վարպետությունը: Նրա ղեկավարումը զուսպ է եւ զգայուն: Իր նուրբ աշխատանքը մեներգիչների հետ թույլ է տալիս բացահայտել լիբրետոյի գաղտնի կետերը: Տիկին Անդրեասյանն ունի ոչ միայն մեծ երաժշտական կուլտուրա եւ խորը գիտելիքներ, այլեւ տիրապետում է երաժիշտների հոգեբանությանը…»: Նվարդ Անդրեասյանի մասին հիացմունքով արտահայտվել են նաեւ ճանաչված այլ դեմքեր, այդ թվում՝ ֆրանսիացի կոմպոզիտորներ Էդիթ Կանաթ դե Շիզին, Վինսենթ Պաուլետը, օպերային սոպրանո Ելենա Վասիլեւան, ֆագոտահար, ՌԴ պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ կապելլայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շանինը, կոմպոզիտոր Վլադիմիր Տարնապոլսկին, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Պոպովը եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում