Գեղանկարչություն՝ ծաղիկներով կամ առանց ներկի և վրձնի

Գեղանկարչություն՝ ծաղիկներով կամ առանց ներկի և վրձնի

Մայիսի 2-ից 5-ը, Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի կունենա «Գեղանկարչությունն առանց ներկի և վրձնի» խորագիրը կրող Ալվինա Աբելյան-Բարխուդարովայի անհատական ցուցահանդեսը:

Ալվինա Աբելյան-Բարխուդարովան չորացրած ծաղկաթերթերով, առանց որևէ ներկի օգտագործման ստանում է գեղանկարչական պատկերներ, օգտագործելով բնության կողմից տրված ամենատարբեր երանգները:

Այսօր՝ մայիսի 3-ին արվեստասեր հասարակության հետ հանդիպման ժամանակ Տիկին Ալվինան չկարողացավ իրեն կտրել իր սիրելի աշխատանքից, և հենց պատկերասրահի մեջտեղում սկսեց տարատեսակ ծաղիկների թերթերից գունային պատկեր ստանալ։

«Երազանքս էր Երևանում ապրելը, այն կատարվեց, բայց հիշում եմ 1984 թվականին, երբ եկա բարեկամների մոտ այստեղ տեսա ծաղիկներից պատրաստված մի կոմպոզիցիա։ Դե քանի որ մի քիչ էլ նկարում էի եկա տուն հավաքեցի տերևներ ու սկսեցի աշխատել »,-ստեղծագործելու հետ մեկտեղ մեզ պատմում է նկարչուհին։ Նա ասում է , որ ծաղիկն օգտագործում է որպես ներկ, կպցնում է տարբեր թերթիկներ և ստանում էսքիզներ։ Մեր հարցին, թե այսքան տարբեր ծաղիկներից որն է ամենաշատը սիրում և որ գույնն է ամենահաճախը օգտագործում, Տիկին Ալվինան ցույց տվեց ձեռքի կապույտ թերթիկը և ժպտաց՝ կապույտի բոլոր երանգները։

Ծաղիկները հավաքում է գրքերի մեջ։ Բայց փաստորեն դա էլ ճիշտ ու սխալ մոտեցում ունի՝ գրքի մեջ շատ ծաղիկներ դնել պետք չէ, խամրում են, բորբոսնում, կարևոր է նաև լույսի ազդեցությունը և խոնավությունը։

Տիկին Ալվինան իր նկարներով որևէ մեսիջ չի փոխանցում, ասում է՝ ամեն մեկը ինքը պետք է գտնի ինչ-որ բան․«Որևէ բարդ բան չկա իմ նկարների մեջ , շատ պոետիկ է, ինչ-որ ես ու դուք զգում ենք ։ Ես ոչ մի բարդ աբստրակտ բաներ չեմ անում, այն ինչ-որ կա դուք տեսնում եք»,-ասում է ստեղծագործողն ու հավելում․«Ես ուրախ եմ, երբ աշխատում եմ»։

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում