Արմեն Ամիրյանը հեռանալուց առաջ ընդունեց միջազգային հեղինակավոր մրցանակ շահած երիտասարդ ջութակահրին

Արմեն Ամիրյանը հեռանալուց առաջ ընդունեց միջազգային հեղինակավոր մրցանակ շահած երիտասարդ ջութակահրին

Մշակույթի նախարարության շենքից որպես պաշտոնյա այսօր հեռանալուց առաջ Արմեն Ամիրյանն անձամբ շնորհավորեց 18-ամյա ջութակահար Դիանա Ադամյանին՝ Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում առաջին մրցանակ շահելու համար։

Պարգևատրումն օրերս հետաձգվել էր նախարարության շենքի շրջափակման պատճառով։

Կատարողական ձեռքբերումների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր հարթակներում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար ջութակահար Դիանա Ադամյանին նա հանձնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագիրը և իր կողմից փոքրիկ նվեր։ Շնորհավորելով ոչ միայն Դիանային և նրա հայրիկ Հակոբ Ադամյանին, այլև բոլորիս, Արմեն Ամիրյանը վստահությունը փոխանցեց, որ մեր երկրի մյուս լավագույն երաժիշտների հետ Դիանան կշարունակի Հայաստանի անունը բարձր պահել աշխարհում.

«Մեր ժողովրդի սերը և հարգանքը՝ քեզ։ Շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում ենք փոքրուց, և մշակույթի նախարարությունը ևս իր ներդրումն ունի քո կայացման գործում»։

Արմեն Ամիրյանը Դիանա Ադամյանին հայտնեց նաև, որ մշակույթի նախարարությունը նրա ելույթն է նախատեսել «Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հսկայածավալ միջոցառման բացման համերգին։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջատար երաժիշտ, ջութակահար Հակոբ Ադամյանը, որը դստերն ուղեկցում է հատկապես միջազգային բոլոր ելույթների և մրցույթների ժամանակ, պատմեց, որ որպես առաջին մրցանակակիր, Դիանային մեկ տարով տրվել է իտալական Նիկոլա Գալիանո «ֆանտաստիկ» գործիքը, որը նա ընտրել է իտալական 4 հազվագյուտ ջութակների միջից։

Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների մրցույթը , որում Դիանան գրավել է առաջին տեղը, Ժնևում ավարտվեց ապրիլի վերջին։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Ֆրանսիա-Գերմանիան, Կորեան և Չինաստանը ներկայացնող երաժիշտները։

Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Թադևոսյանի սանը նախկինում արդեն հաղթել էր Ռուսական “Nutcracker TV” մրցույթում և Չայկովսկու անվան երիտասարդ կատարողների մրցույթում։

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում