Քրոջ սերը

Քրոջ սերը

Լինում են չեն լինում մի քույր ու երկու եղբայր են լինում: Նրանք ապրում էին իրենց հարազատ հոր ու խորթ մոր հետ: Եղբայրները փոքր էին, յոթ-ութ տարեկան, իսկ աղջիկը մեծ էր արդեն՝ տասնհինգ տարեկան: Նրանց խորթ մայրը չէր սիրում երեխաներին, և պատրվակներ էր փնտրում, որ նրանց դուրս հանի տնից: Մի օր,իբրև խաղում է տղաների հետ, ասում է նրանց.

– Եկեք մի խաղ խաղանք: Դուք դարձեք գայլուկներ ու թաքնվեք անտառում, իսկ ես ձեզ կգտնեմ ու տուն կբերեմ:

Խեղճ բալիկները չգիտեին, որ իրենց խորթ մայրը չար է ու կախարդել գիտե: Խորթ մայրը կախարդում է, ու նրանք դառնում են գայլուկներ, իսկ հետո մի փայտ է վերցնում ու գայլուկ դարձած եղբայրներին քշում է անտառ: Երեկոյան, հայրը տուն է գալիս ու տեսնում է որդիները չկան: Խորթ մայրը կեղծ արցունքներ է թափում, որպեսզի ամուսինը չկռահի, թե ինքն է կախարդել: Բայց այդ ամենը տեսել էր նրանց քույրը: Քույրը ամեն օր լաց էր լինում եղբայրների համար: Եվ որպեսզի մոռանա իր վիշտը, նստում է լուսամուտի մոտ ու ասեղնագործում: Մի օր խորթ մայրը ձեռքն է վերցնում աղջկա ասեղնագործ սփռոցը, և գիտեք ի՞ նչ է տեսնում: Աղջիկը սփռոցի վրա ասեղնագործել էր խորթ մորը, որը կախարդում է եղբայրներին ու դաձնում գայլուկներ:

Խորթ մայրը վախենում է, որ կբացահայտվի իր չարությունը, այս անգամ աղջկան է դուրս վռնդում տնից: Աղջիկը վերցնում է սփռոցը ու հեռանում է հայրական տնից: Նա գիշերն անցկացնում է անտառում: Իսկ երբ բացվում է լույսը, նա մի տնակ է տեսնում: Ներս է մտնում, պարզվում է դա Արևի տունն է՝ շատ լուսավոր ու պայծառ: Աղջիկը մի քիչ հանգստանում է այդտեղ, հետո վառում է վառարանը ու կարկանդակ, հաց է թխում: Երեկոյան տուն է գալիս Արևը, աղջիկը պատմում է նրան եղբայրների մասին: Բայց Արևը ոչ մի տեղ չէր տեսել նրանց:

Երեկոյան ընթրելուց հետո, աղջիկը մաքրում է տունը, ցանկանում է աղբը թափել, Արևն ասում է.

– Վերցրու աղբը հետդ, քեզ պետք կգա:

Աղջիկը ճանփա է ընկնում: Գիշերով հասնում է մի տնակի: Դա էլ Լուսնի տուն էր: Աղջիկը նորից կերակուր է պատրաստում Լուսնի համար, լվանում է նրա վերնաշապիկը, դրսում պարան է կապում և դրա վրա չորացնում է լվացքը: Առավոտյան, երբ հրաժեշտ է տալիս Լուսնին, Լուսինն ասում է.

– Վերցրու քեզ հետ պարանը, այն քեզ պետք կգա:

Այսպես, բարի աղջիկը շարունակում է իր ճանապարհը, լինում է ամեն տեղ, սակայն գայլուկ դարձակ եղբայրներին չի գտնում: Աղջիկը դուրս է գալիս անտառից ու տեսնում է մի մեծ բլուր, իսկ բլրի վրա մի փոքրիկ որջ: «Երևի այստեղ են ապրում իմ եղբայրները»,- ենթադրում է աղջիկը: Սակայն ինչպե՞ս բարձրանար բլուրը, այն փայլում էր, ինչպես սառույցը, ոչ քարեր կային, ոչ էլ ավազահատիկներ: Աղջիկը հիշում է Արևի տնից վերցրած աղբը: Սփռոցի միջից հանում է այն ու շաղ տալիս իր ճանապարհին: Սակայն մինչև վերջ չի հասցնում բարձրանալ, քանի որ աղբը վերջանում է, իսկ այս անգամ մտաբերում է Լուսնի տված պարանը: Նա օղակ է անում ու պարանը գցում է ծխնելույզի վրա, որը դուրս էր գալիս որջից: Բարձրանում է աղջիկը այդ լերկ լեռը ու հասնում է որջին: Նա զամբյուղից հանում է իր ասեղնագործած սփռոցը ու կախում է պատից: «Եթե եղբայրներս տեսնեն այս սփռոցը, կհիշեն ինձ ու չեն վնասի»,- մտածում է աղջիկը ու թաքնվում տան մի անկյունում: Շուտով գալիս են գայլուկ եղբայրները:

Նրանք անմիջապես զգում են, որ իրենց որջում անծանոթ կա: Մեկ էլ հանկարծ տեսնում են պատից կախված սփռոցը, որի վրա իրենք են պատկերված. ահա խորթ մայրը, ահա հայրն ու քույրը: Նրանք գլխի են ընկնում, որ անծանոթը իրենց հարազատ քույրն է, քանի որ նա էր սիրում գործել այդպիսի հրաշալի սփռոցներ: Քույրը դուրս է գալիս թաքստոցից ու փաթաթվում է գայլուկ-եղբայրներին: Նա կարոտով համբուրում է նրանց, իսկ աչքերից ցած թափվող արցունքները ընկնում են եղբայրների վրա ու նրանց վրայից վերանում է խորթ մոր կախարդանքը:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում