Փայտահատի մի կտոր հացը

Փայտահատի մի կտոր հացը

Կար չկար մի աղքատ մարդ: Մի օր գնում է նա անտառ` փայտ կտրելու: Կինը նրան այդ ամբողջ օրվա համար մի փոքր կտոր հաց է տալիս: Ավելին չէր կարող տալ, քանի որ էլ ուտելու ոչինչ չունեին: Եվ այսպես, մինչ ամուսինը փայտ է կոտորում, հայտնվում է անտառի թզուկներից մեկը ու փախցնում է նրա մի կտոր հացը: Թզուկը վազում է դեպի իր ընկերները ու սկսում է գլուխ գովել, թե՝ տեսե՜ք-տեսե՜ք ինչ եմ արել, թռցրել եմ փայտահատի մի կտոր հացը: Բարկանում են նրա վրա մյուս թզուկները:

– Հեռացիր մեզնից, դու անխղճորեն վերցրել ես խեղճ մարդու մի կտոր հացը: Մինչև չվճարես արածիդ համար, մենք քեզ ետ չենք ընդունի,- ասում են ընկեր-թզուկները և նրան հեռացնում են իրենցից:

Թզուկը ոչինչ չէր կարող անել: Նա գալիս է փայտահատի մոտ, պատմում է նրան, թե ինչ արել և ասում է նրան, որ ինչ ցանկանա կանի, թեկուզ ամենադժվար գործը: Մտածում է փայտահատը և ասում.

– Այստեղ մի ճահիճ կա, կարո՞ղ ես այդ ճահիճը չորացնել ու այնտեղ ցորեն աճեցնել:

Կախարդ թզուկի համար, դա մի չնչին գործ էր: Մի երկու օր հետո փայտահատը գալիս է ճահճի մոտ ու տեսնում է այն բոլորովին չոր է, իսկ թզուկն էլ դաշտի մեջ ցորենի սերմեր է ցանում: Զարմանքից փայտահատի բերանը մնում է բաց:

– Շուտով դու կունենաս ցորենի ընտիր դաշտ,- պարծենալով ասում է թզուկը:
Այդպես էլ լինում է: Թզուկն ու փայտահատը օրնիբուն աշխատում են դաշտում, շուտով հասնում են առաջին հասկերը, իսկ աշնանը, երբ պատրաստվում են բերքը հավաքել, հայտնվում է գյուղի տերը: Նա նախանձում է, որ մեկ ուրիշի դաշտը իրենից լավն է և կարգադրում է.

– Այդ ճահիճը իմ տարածքում էր գտնվում, ուրեմն այս ցորենի դաշտը իմն է: Հավաքեք ողջ ցորենը ու տվեք ինձ, այլապես, փայտահա՛տ, քեզ ու կնոջդ դուրս կվռնդեմ իմ գյուղից:
Փայտահատը լաց լինելով հավաքում է ցորենի հասկերը: Տիրոջ ծառաները գալիս են ու հասկերը տեղափոխում տիրոջ տան բակը: Իհարկե, տխրում է փայտահատը, սակայն ոչ թզուկը: Չէ՞ որ նա բարի կախարդ էր, և խոստացել էր իր ընկեր-թզուկներին, որ մինչև չհարստացնի փայտահատին, ետ չի վերադառնա: Եվ այսպես, թզուկը որոշում է գնալ տիրոջ տուն:

– Պարոն տեր, խնդրում եմ, ցորենի հասկերից մի քանիսը տուր տանեմ խեղճ փայտահատին: Ամբողջ տարին չարչարվեց, բայց բոլորը ձեզ հասավ: 

– Այ թզուկ, քո փոքրիկ ձեռքերով ինչքան պիտի տանես ո՞ր՝ հազիվ երկու հատիկ ցորեն,- ծիծաղում է տերը թզուկի վրա:

Բայց այն, ինչ տեսնում է տերը, զարմացնում է նրան շատ-շատ: Բարի կախարդ թզուկը թափահարում է ձեռքերը և մի երկար պարան է հայտնվում: Այդ պարանով կապում է ցորենի ամբողջ հասկերը: Մեծ, հսկայական խուրձը գցում է շալակը ու գնում է դեպի փայտահատի տուն: Թզուկը ետ է վերադարձնում փայտահատին իր դաշտի ողջ բերքը: Նա գլուխ է տալիս փայտահատին ու ասում.

– Իմ ընկեր փայտահատ, դու գո՞հ ես իմ աշխատանքից: Ես վճարեցի՞ իմ արածի դիմաց:

Կարո՞ղ եմ վերադառնալ ընկերներիս մոտ:

Իհարկե, փայտահատն ու նրա կինը շատ երջանիկ էին ու գոհ, որ հայտնվել էր բարի թզուկը ու հարստացրել իրենց: Այնպես որ, թզուկը կարող էր հանգիստ խղճով ետ դառնալ իր ընկերների մոտ, քանի որ մի կտոր հացի դիմաց, կատարել էր ավելի մեծ ու բարի գործ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում