Ուրախություն բերող սնկերը

Ուրախություն բերող սնկերը

Ճապոնական մի գյուղում ապրում էր մի աղքատ երիտասարդ Կոսկե անունով: Ոմանք կարծում էին, թե նա անհաջողակ է, ոմանք էլ՝ հիմար: Իսկ երբեմն էլ նրան անվանում էին Հիմար Կոսկե: Իր անհաջողություններից հոգնած Կոսկեն թողնում է հայրենի տունը ու գնում է ուրիշ քաղաք՝ բախտ որոնելու: Գնում է գնում և ճանապարհը նրան տանում է անտառ: Շատ է հոգնում Կոսկեն և ցանկանում է մի քիչ քնել: Հավաքում է չորացած տերևները, պառկում է դրանց վրա, իսկ գլուխն էլ դնում է ծառի արմատներին ու քնում:

Երբ առավոտյան բացում է աչքերը, տեսնում է ծառի մոտ կարմիր սնկեր են աճել: Սոված Կոսկեն կրակ է անում ու խորովում է սնկերը: Սնկերն այնքան համեղ էին բուրում, որ նա չի դիմանում, ու սկսում է մի քանիսը արագ-արագ ուտել: Եվ ինչ, գիտեք ի՞նչ է պատահում Կոսկեին: Այդ սնկերը ուղղակի բարձրացնում են նրա տրամադրությունը և Կոսկեն սկսում է ծիծաղել, իսկ քիչ անց՝ բարձր հռհռալ: Նա խորաված սնկերը լցնում է խուրջինը ու շարունակում է ճանապարհը: Շուտով Կոսկեն հասնում է մեկ այլ քաղաք: Այդ քաղաքի մարդիկ տեսնում են ուրախ անծանոթին ու իրար ասում.

– Տեսնես ինչի վրա է այսպես բարձր ծիծաղում այս անծանոթը: Մեր թագավորը, որ իմանա, նրան ոսկու մեջ կթաղի, միայն թե այս երիտասարդը կարողանա ծիծաղեցնել արքայադստերը:

Իսկ անհաջողակ կամ հիմար Կոսկեն ոչինչ չհասկանալով շրջում է նոր քաղաքում ու իր բախտը որոնում: Եվ մեկ էլ Կոսկեն մի հայտարարություն է կարդում. «Ով ծիծաղեցնի թագավորի աղջկան, կամուսնանա նրա հետ»: Եվ Կոսկեն անմիջապես հիշում է կախարդական սնկերի մասին: Չէ՞ որ նա իր խուրջինում մի քանի հատ կարմիր սունկ ուներ: Կոսկեն գնում է թագավորի պալատ: Նա հայտնում է, որ եկել է ծիծաղեցնելու արքայադստերը: Կոսկեն մի քանի կարմիր սունկ է տալիս թագավորի աղջկան, իսկ մի քանիսն էլ թագավորին, թագուհուն և մյուս թագավորականներին:

Արքայադուստրը կծում է սնկից մի փոքր և սկսում է ժպտալ, ուտում է մի հատիկ սունկ, սկսում է ծիծաղել, իսկ քիչ անց բոլորն են բարձր ծիծաղում: Մի՞թե դա հրաշք չէր, արքայադուստրը ծնված օրվանից դեռ ոչ մի անգամ չէր ժպտացել, իսկ նա արդեն մեծացել էր ու դարձել էր գեղեցիկ օրիորդ: 

– Դու ուրախություն բերեցիր իմ տուն,- ասում է թագավորը և ամուսնացնում է աղջկան Կոսկեի հետ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում