Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասի

Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասի

Ներքաղաքական իրադարձությամբ պայմանավորված՝ մայիս 2-ին մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ հավաքվել էին ՀՀ Մշակույթի նախարարության բակում՝ գերատեսչության ղեկավարից պահանջելով վայր դնել լիազորություններն ու միանալ հրապարակում հավաքված ժողովրդին: Ու մինչ ժամեր շարունակ արտիստները բարձրախոսով, երգ ու պարով շենքից դուրս իրենց պահանջն էին պնդում, Մշակույթի նախարարության շենքում հայտնվեց բանագնաց-արվեստագետների մի այլ խումբ՝ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Էդուարդ Թոփչյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Քոչարյանը, Տիգրան Վիրաբյանը և այլք, պատրաստակամությամբ՝ իր իսկ աշխատասենյակում հանդիպել նախարարին: Ու այդ հանգամանքը դռների այս կողմում գտնվողների սրտով չէր այն աստիճան, որ նույնիսկ հայտարարեցին՝ հանդիպման գնացած մտավորականներն իրենց պատգամավորները չեն ու կապ չունեն իրենց հետ:

«Դրսում կանգնած արվեստագետների արձագանքն ինձ համար շատ տարօրինակ էր: Նախ ասեմ, որ այնտեղի իմ կոլեգաները միահամուռ չէին իրենց ցանկության ու բողոքի մեջ, պարզ չէր, թե կոնկրետ ինչի համար էին հավաքվել: Բոլորը գտնում էին, որ եթե ուզում են փոփոխություն ու ուզում են, որ ինչ-որ բան լավ լինի, նախարարից ինչ-որ բան պետք է պահանջեն՝ միանալ հանրահավաքին, հրաժարվել կուսակցությունից, փոփոխություններ անել մշակույթի ոլորտում… Ընդհանուր պահանջ չկար: Ինքս ինձ համար հետևություն արեցի՝ պահանջը պետք է լինի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելը», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Արվեստի գործիչը խոստովանում է՝ Արմեն Ամիրյանին ինքը հանդիպել է ոչ թե որպես Մշակույթի նախարար, այլ՝ ուսանողական ընկեր: Ու սա ոչ թե անձնական շահ էր, այլ՝ հօգուտ նախարարի:

«Այս հանդիպումը ոչ թե Արմեն Ամիրյանի հրավերով է եղել, այլ՝ իմ նախաձեռնությամբ: Զանգեցի նրան ու խնդրեցի, որ բարձրանանք իր մոտ: Բնականաբար՝ ընդունեց, ու չեմ կարծում, որ դրսում գտնվողներից որևէ մեկը դիմեր՝ կմերժեր: Իր մոտ բարձրանալով՝ հայտնեցինք մեր կարծիքը, որ իր իսկ համար ամենաճիշտ քայլը հենց այսօր հրաժարական տալն է, և ոչ թե նախարարների հրաժարականների շարանը բացվելուց հետո: Շատ էի ուզում, որ իմ ընկերը քայլ առաջ անելով՝ վաղը, մյուս օրը փողոց դուրս գալով՝ պարզ ճակատով նայի իր համաքաղաքացիներին», – մանրամասնեց մեր զրուցակիցը:

Թեև նախարարն էլ միտված էր այս որոշմանը, սակայն ընկերների հորդորը նրա տեսակետն առավել ամրապնդեց ու արագացրեց: Ինչպես Հ. Թոխատյանը նկատեց՝ եթե այդ մտքին եկել էր, ապա սպասելն ավելորդ էր, պետք էր այդ քայլը րոպե առաջ անել… Ու հենց դրանից ելնելով էլ րոպեներ անց իրեն այցելած մտավորական-ընկերների հետ նախարարն իջավ բակում գտնվող մշակութային գործիչների մոտ ու հայտարարեց՝ այդ պահից վայր է դնում Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, ինչն էլ բոլորի կողմից ոգևորությամբ ու ծափահարություններով ընդունվեց:

Հարցին, թե արդյոք այդ ամենից հետո ինքն ու իր հետ բարձրացած արվեստագետները հանդիպել ու զրուցել են իրենց այդ քայլը հավանության չարժանացրած կոլեգաների հետ՝ դերասանը պատասխանեց.

«Շատերը, ովքեր մեզ գրեթե հավասարեցրել էին ազգի, այսպես ասած, այն 55 դավաճաններին, ու բղավում էին, որ մենք իրենց անունից իրավունք չունենք խոսել, մեր իջնելուց հետո մոտեցան ու ներողություն խնդրեցին իրենց վարքի համար, նաև՝ շնորհակալություն: Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն էր իրենց վրդովվեցրել. որ մե՞նք ենք բարձրացել: Ես շատերին եմ առաջարկել մեզ միանալ՝ Աննա Մայիլյան, երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյան, առաջարկել եմ մեզ հետ լինեն նաև բոլոր թատրոնները, ստեղծագործական միությունները նեկայացնող անհատներ… բայց մերժեցին, չեկան, դա իրենց որոշումն էր: Կարևորը՝ արդյունքից բոլորը հետո գոհ էին… Գիտեք, հատկապես արվեստագետն իրավունք չուներ, չէր կարող իր կոլեգայի մասին մտածել, թե մենք սեփական շահի համար ենք նախարարի մոտ բարձրացել: Սա ցավոտ իրողություն է ինձ համար: Մանավանդ, անձամբ ես այսօր Մշակույթի նախարարությունից ամենաքիչ սպասելիքն ունեմ, քանի որ որևէ պետական կառույցում չեմ աշխատում, որը պետք է հովանավորի հենց այս գերատեսչության»:

Մշակույթի նախարարի պաշտոնն այլևս թափուր է, ՀՀ Ժողովրդական արտիստը որևէ մեկին այս պաշտոնում չի տեսնում, այդ թվում և Արմեն Ամիրյանին: Ասում է՝ առաջին հերթին համակարգը պետք է փոխվի, հակառակ դեպքում ով էլ այդ աթոռին նստի՝ տակից դուրս չի գալու, ոչինչ չի փոխելու՝ թատրոնների դերասանները, արվեստի միությունները, երաժիշտները շարունակելու են դժգոհ մնալ: Իսկ համակարգը փոխելու համար առավել բարձր ատյաններում պետք է մշակութային ճիշտ քաղաքականություն մշակվի:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի նախկին նախարարի մեկ ու կես տարվա գոծունեությունը, պատասխանեց.

«Գիտեմ, որ նա շատ մեծ ծրագրեր ուներ, իրեն ներկայացրած մշակութային ստրատեգիական ծրագրերից շատ ու շատ կետերի հետ համաձայն էր, բայց, հավանաբար, որևէ բան փոխելու հնարավորություն չուներ: Հակառակ դեպքում մենք մի քիչ ուրիշ մշակույթ կունենայինք, քան այսօր ունենք: Եթե հետագայում այդ փոփոխություններն անելու հնարավորություններ ստեղծվեն, ինչո՞ւ ոչ, Արմենն էլ կարող է իրականացնել… Ինչ վերաբերում է պաշտոնավարման շրջանին, մի քիչ դժվարանում եմ գնահատական տալ. գրեթե նույնն է, ինչ մնացած նախարարների դեպքում: Ու դա ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ խնդիրն անձով չի պայմանավորված, այլ համակարգով, գերատեսչության կառուցվածքով: Մշակույթի նախարարը պետք է նաև շատ լավ պրոդյուսեր լինի, ով իր կողքին կհավաքի բոլոր ոլորտների առաջատարներին, ովքեր կստեղծեն ու կմշակեն մշակութային քաղաքականություն: Իսկ այսօրվա իրավիճակում ուզում եք Ալ Պաչինոյին բերեք, ոչինչ չի ստացվելու»:

Հանտ Թոխատյանի հետ անդրադարձանք նաև «Իմ քայլը» շարժման շուրջ համախմբված արվեստագետների ժամանակային քարտեզին՝ ո՞վ, երբ ու ի՞նչ հանգամանքներից ելնելով է քայլ արել՝ հայտնվելով կա՛մ ժողովրդի մեջ, կամ բեմահարթակին: Նկատելի էր, որ նրանցից շատերը տարբեր փուլերում դիրքորոշումներ փոխեցին՝ շարժվելով հոսանքի ուղղությամբ: Ի դեպ, արդարության համար ասենք, որ Ժողովրդական արտիստը շարժման նախաձեռնողների կողքին է եղել հենց առաջին օրերից:

«Չմոռանանք, որ արվեստագետներն էմոցիոնալ մարդիկ են, կարող են պահի տակ պոռթկալ, տեսնելով ու լսելով՝ կարծիք փոխել, ու դա նորմալ է: Դրա համար պետք չէ որևէ մեկին պիտակավորել: Եկեք ձեռնբաց ընդունենք բոլոր նրանց, ովքեր երեկ չեն եղել, բայց այսօր գալիս են հրապարակ: Ոմանք հրապարակի բեմ են բարձրանում, անձամբ ես երբեք հարթակում չէի եղել, քանի որ հարթակից խոսել չգիտեմ: Իմը բեմն է, որտեղից ես միշտ ու բոլոր հարցերով խոսում եմ: Օրերս էլ «Մեա Կուլպայից» մի հատված եմ դրել՝ ինչպես ենք պատկերացնում Հանրապետության նախագահի ճառը: Բարեբախտաբար, այդ օրն ավելի շուտ եկավ, քան մենք էինք պատկերացնում: Այնտեղ ասվում է այն ամենն, ինչ այսօր ասում են՝ գոնե իմ կողմից արդեն վարչապետ համարվող Նիկոլ Փաշինյանն ու իր կողքին կանգնած շատերը: Հենց դրա համար էլ ի սկզբանե այս շարժման կողքին եմ… Լինում է, որ նամակներ եմ ստանում՝ ո՞ւր եք, ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք: Քանի որ միշտ այնպես եմ արել, որ սթափ մտածելակերպս գերակշռի էմոցիաներիս՝ հաճախ ճիշտ չեմ հասկացվել: Բայց ես հասկանում եմ, մարդիկ հիմա էմոցիոնալ վիճակում են ու շատ արագ ամեն ինչ պիտակավորում են: Հենց Մշակույթի նախարարության դիմացի օրինակը. մինչև վերև բարձրանալը՝ ազգի «դավաճաններ» էինք, ցած իջնելուց հետո՝ գովասանքի արժանացած մարդիկ: Ու այդ ամենն ընդամենը 15 րոպեում», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Դերասանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղն օրինական երկիր ունենալու համար է: Նունիսկ պայքարը օրինական ճանապարհով գնաց, ու պետք է ամեն ինչ անել, որ այն չշեղվի ճիշտ հունից:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում