Կամերային երգչախումբն աննախադեպ համերգ է ունեցել

Կամերային երգչախումբն աննախադեպ համերգ է ունեցել

Տոմսերի 95 %-ը վաճառվել էր դեռեւս երկու տարի առաջ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերադարձել է ամերիկյան հյուրախաղերից, որտեղ պատվով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը հայտնեց, որ երգչախումբը ապրիլի 14-ին հաջողությամբ հանդես է եկել ամենամյա հեղինակավոր երաժշտական փառատոնի շրջանակում, որին սովորաբար մասնակցում են հանրահայտ երաժիշտներ ու խմբեր՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Բերկլիի համալսարանի դահլիճում կայացող փառատոնի կազմակերպիչն է ամերիկյան Cal Performances կազմակերպությունը: Ի դեմս Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ ընդհանրապես, Հայաստանից առաջին անգամ էր հայկական խումբ հրավիրվում:

«Ամերիկյան հյուրախաղերը հրաշալի անցան; Հիմնականում մեկ մեծ համերգ էր՝ ամերիկյան Cal Performances-ի կազմակերպած: Այդտեղ ցանկացած համերգային միջոցառում նախապատրաստվում է առնվազը երկու տարի առաջ, մեր համերգի նախապատրաստական աշխատանքներն էլ են 2016-ից սկսել, շատ լավ ուսումնասիրվել էր մեր համերգային գործունեությունը, ելույթները, ձայնագրությունները, միջազգային հարթակներում եւ դահլիճներում: Այդ ամենի արդյունքում իրենք ընտրել էին մեր երգչախումբը: Եվ կարծում եմ, որ արդարացրինք բոլորի սպասելիքները: Համերգին դահլիճը լեփլեցուն էր, տոմսերի 95 %-ը վաճառված էր դեռեւս անցյալ տարի հայտագիրը կախելուց հետո: Այս համերգը, թերեւս, նոր ճանապարհներ կբացի մեր երգչախմբի համար միջազգային նմանատիպ կառույցների հետ համագործակցելու առումով: Նշեմ, որ արդեն իսկ ունենք ազդակներ, առաջարկներ, մնում է փորձենք որոշել, թե ինչպես ենք վարվելու»,- հայտնեց պարոն Արաբյանը:

Նրա տեղեկացմամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ ամերիկյան շրջագայության կազմակերպչական հարցերով զբաղվել է երաժշտական նախասիրություններ ունեցող սանֆրանցիսկոյաբնակ հայորդի՝ Արթին Տեր-Մինասյանը, որը երկու տարի առաջ վերապատրաստվել է Հայաստանում: «Արթինը պրոֆեսիոնալ կերպով կազմակերպեց համերգը, նախապատրաստական հայտագրից սկսած՝ ավարտած բոլոր մանրամասնություններով: Տասնյակ տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում սա երեւի լավագույն համերգներից մեկն էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրանից տեղեկացանք, որ համերգի ծրագրում հնչել է Կոմիտաս, ժամանակակից հայ կոմպոզիտորներ, այդ թվում Դավիթ Հալաջյան, ամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում նաեւ Շնիտկե կար: Արմեն Արաբյանն ասում է, որ համերգի ծրագիրը հիմնականում հայկական էր, քանի որ ամերիկացիներին ավելի շատ ազգային երաժշտությունն էր հետաքրքրում, թեեւ միջազգայինն էլ է ներկայացվել, որպեսզի ունկնդիրը եւ մասնագետները կարողանան համեմատել ու հասկանալ, թե ինչ բարձրակարգ երգչախմբի հետ գործ ունեն:

Արմեն Արաբյանն ասաց, որ համերգը նկարահանվել է, ձայնագրվել, համերգին անդրադարձել է նաեւ տեղի մամուլը, որի արձագանքները կամփոփեն առաջիկայում: «Կամերային նվագախումբը նաեւ ապրիլի 15-ին մասնակցել է Օքլենդի հայկական եկեղեցում կայացած պատարագին: Օքլենդի փոքր հայկական համայնքը Արթին Տեր-Մինասյանի միջոնորդությամբ եւ օգնությամբ կազմակերպել էր երգչախմբի կեցությունը, քանի որ հայկական կողմից միայն ճանապարհածախսի հարցն էր լուծված: Կարճ օրերի ընթացքում նույնիսկ հասցրինք շրջագայել Սան Ֆրանցիսկոյի բոլոր գեղեցիկ վայրերով, հիանալ կամուրջներով, բնական եւ արհեստական գեղեցկություններով: Երգչախումբն ուրախ է ե՛ւ համերգներից, ե՛ւ ճանապարհորդությունից ե՛ւ ընդունելությունից»,-նշեց մեր զրուցակիցը:

Դառնալով Բերկլիի համալսարանի դահլիճում կայացած համերգին՝ Արմեն Արաբյանը նշում է, որ ունկնդիրների իննսունհինգ տոկոսն ամերիկացիներ էին եւ սա երկրորդ դեպքն է, որ իրենց համերգներին օտարերկրացիներն այդքան մեծ տոկոս են կազմել: Իսկ առաջինը 2009 թվականին էր, երբ Ֆրանսիայում Կոմիտասի ծննդյան 140- ամյակի առիթով կայացած համերգին Ֆրանսիացի ունկնդիրներն էին մեծամասնություն ու ներկա էին նաեւ հայկական դեսպանատան աշխատակիցները: Նույն պատկերն է եղել Բերկլիի համալսարանում կայացած համերգի ժամանակ:

Մեր զրույցի ընթացքում գալիք երեւանյան համերգներին էլ անդրադարձ եղավ: «Մայիսի տասին ունեինք Հովհաննես Չեքիջյանի իննսունամյակին նվիրված համերգ, սակայն, մտավախություն ունենք, որ այն կտեղափոխվի: Ապրիլի 24-ի մեր համերգը հայտնի պատճառներով տեղափոխվել է: Մայիսի 23-ին ունենք Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրո կանտատ» խորագրով համերգը, որը ֆրանսիական թեմաներով է: Հուսանք, որ չի տեղափոխվի»,-հայտնեց Արմեն Արաբյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում