Հայազգի թավջութակահար քիք բոքսինգի չեմպիոնը բարեգործությամբ էլ է զբղվում

Հայազգի թավջութակահար քիք բոքսինգի չեմպիոնը բարեգործությամբ էլ է զբղվում

Բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանին առաջին անգամ հանդիպեցինք 2017թ.՝ Համահայկական նվագախմբի կազմում, որպես թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր: Երաժիշտը այս օրերին դարձյալ Երեւանում է՝ կրկին մասնակցելու առաջիկայում Ստեփանակերտում, ապա Երեւանում Համահայկական նվագախմբի ելույթներին:

Արվեստագետի գործունեությանը ծանոթ ենք արտասահմանյան մամուլից: Նա 2014-17թթ. հանդիսացել է Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո) թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը: Այս տեղի համար CD-ներով «ներկայացել» է մոտ 1000 երաժիշտ, որից ընտրվել է 200-ը… Կամերային տարբեր կազմերում համագործակցել է հռչակ վայելող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Միշա Մայսկին, ջութակահար Մաքսիմ Վենգերովը, դաշնակահար Վալերի Աֆանասեւը եւ այլն: Համերգներով ու մենահամերգներով հանդես է եկել եվրոպական այլ քաղաքներում, ԱՄՆ-ում, հանդես եկել հեղինակավոր սրահներում ու նվագախմբերի հետ: 2015թ. ելույթ է ունեցել շուրջ 200 հազար հանդիսատես հավաքած Բելգիայում ավանդաբար անցկացվող բացօթյա Tomorrowland փառատոնում, 2017թ. մասնակցել է Անտվերպենում թագուհի Ելիզավետայի անվան համերգասրահի (շուրջ 3000 հանդիսատեսի համար նախատեսված) բացման արարողությանը:

 Երկար կարելի է թվարկել երիտասարդ երաժշտի հաջողությունները նաեւ մրցույթներում, խոսել նրա ոչ միայն կամերային, այլեւ սոլո գործունեության մասին: Գիտենք նաեւ, որ թավջութակահարի մասին պատմող կինոռեժիսոր Կոմս Շահբազյանի «Ռիթմ եւ ընդմիջում» ֆիլմը նոմինացված է եղել Երեւանյան «Ոսկե ծիրանում», Բեռլինի եւ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոներում: Ասում են, որ այս ֆիլմում ներկայացված են նաեւ սպորտի ասպարեզում երաժշտի ունեցած հաջողությունները: Ըստ մեր տեղեկությունների՝ Սեւակ Ավանեսյանը Համահայկական նվագախմբի ելույթներից հետո չի շտապում վերադառնալ, քանի որ բարեգործական ծրագրեր ունի: Նշենք նաեւ, որ երաժիշտը Բելգիա է տեղափոխվել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը չավարտած, ուսանել է պրոֆեսորներ Մեդեա Աբրահամյանի, Արմեն Մեսրոպյանի դասարաններում, այնուհետեւ ուսումը շարունակել է Բրյուսելի կոնսերվատորիայում, Բեռլինի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նախ բառացիորեն փոխանցեցինք հայաստանցի գործընկերների մտահոգությունը, թե չի՞ վախենում շրջագայել անգին թավջութակով, քանի որ ունենք նախադեպ. խորհրդային տարիներին առեւանգել էին Ռուբեն Ասատրյանի ջութակը: Սեւակ Ավանեսյանը նշեց, որ տասը տարի է՝ իր մոտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման ցանկում ընդգրկված 8 լարային գործիքներից մեկը՝ «The King»-ը, որը 1689թ. կերտել է իտալացի Մաթեո Գոֆրիլլերին: «Դրա համար պարտական եմ Միշա Մայսկիին: Նա տարիներ շարունակ ելույթ էր ունենում հենց այս գործիքով:

Մենահամերգներիցս մեկին, որին ներկա էր մաեստրոն, իր երաշխավորությամբ ինձ հանձնվեց «The King»-ը»՝ անժամկետ օգտագործման: Նույն պայմանով նրան տրվեց Դոմինիկո Մոնտագյանայի իսկապես լեգենդար գործիքը: Ինչ վերաբերում է վախին, եթե նման գործիքների հետ ինչ-որ բան պատահի, գործին կխառնվեն ինտերպոլն ու ՆԱՏՕ-ն»,- ասաց երաժիշտը: Ապա ժպտալով էլ փաստեց, թե ինքը 2012թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն է, նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին եւ վախենալու ոչինչ չունի:

Հաստատելով, թե այս այցի ժամանակ կանցկացվի բարեգործական միջոցառում, Սեւակ Ավանեսյանը մանրամասնեց. «Համախոհներիս հետ հիմնել ենք «Երաժիշտը երաժիշտներին» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է գործիքներով ու աքսեսուարներով օգնել հայաստանցի, արցախցի երաժիշտներին: Միացել են ոչ միայն արվեստագետներ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, այլեւ անհատներ: Հունիսի 25-26-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում արտասահմանցի եւ հայաստանցի որոշ կոլեգաներիս հետ կանցկացնենք լսումներ՝ մրցույթի ձեւաչափով, տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին գործիքներով ապահովելու նպատակով: Իսկ 27-ին արդեն կկայանա համերգ մրցանակաբաշխությունը, որտեղ կհայտարարվեն այն պատանիների անունները, որոնց կտրվեն գործիքներ»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ եթե լինի աջակցություն Հայաստանի նորաստեղծ կառավարության կողմից, ապա իր ու համախոհների շրջանակը էլ ավելի կընդլայնվի:

Մեկ-երկու օր առաջ Հանրապետության հրապարակում կայացած բազմահազարանոց միտինգներից մեկում «Եվրանյուզի» թղթակիցը նաեւ իրենից էր կարծիք խնդրել: Այս առիթով երաժիշտը հակիրճ պատասխանեց. «Թղթակցին էլ ու հիմա էլ ասում եմ, որ ողջունում եմ ու շնորհավորում ազգիս: Այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես ժողովրդավարության հաղթանակ է, ինչին կարող է նախանձել ցանկացած, նույնիսկ քաղաքակիրթ երկիր»:

Հետաքրքրությանը, թե ասում են նաեւ, որ ձեռք է բերել 1962թ. «Երազ» գործարանի թողարկած հայկական միակ «Ռակետա» ավտոմեքենան, որ արտադրվել է ԽՍՀՄ-ի կողմից «տիեզերքի նվաճման» պատվին, Սեւակ Ավանեսյանի պատասխանը հակիրճ էր՝ «այո, բայց դրա մասին այլ առիթով կխոսեմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում