1972 թվականից մինչև 2018 թվական՝ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացվեցին 139 բացառիկ աշխատանքներ

1972 թվականից մինչև 2018 թվական՝ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացվեցին 139 բացառիկ աշխատանքներ

Մայիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը՝ Վալմար, արվեստասեր հանրությանը ներկայացավ իր հոբելյանական ցուցահանդեսով, որը նվիրված էր նկարչի 70-րդ հոբելյանին: Ցուցահանդեսը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Բացման խոսքում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ընդգծեց՝ այս օրերին, երբ հայ երիտասարդությունը զարթոնք է ապրում ու իր պահանջները ներկայացնում, մշակութային կյանքը շարունակվում է: Հանձինս Վալմարի՝ մենք ունենք ստեղծագործող, ով չի կարող չանել այն, ինչ Աստված է իրեն տվել:

Ցուցահանդեսի գաղափարը ծնվել է շուրջ 5 ամիս առաջ: Վալմարն այս ցուցահանդեսին ներկայացրել է 139 աշխատանք, որոնք բնորոշում են իր ստեղծագործական ուղին՝ 1972 թվականից մինչև 2018 թվական:

«Այստեղ այն աշխատանքներն են, որոնք կարողացել եմ պահել, 800-ից ավելի նկարներ այժմ արտերկրում են գտնվում: Լինելով աշխարհի բազմաթիվ երկրներում և ունենալով 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ՝ ես իմ դրական էներգիան ստացել եմ իմ երկրից, իմ հողից, մարդկանցից: Արվեստագետի, հատկապես նկարչի համար դրական, լուսավոր մարդիկ շատ կարևոր են, որոնցով մենք ներշնչվում ենք», – Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց նկարիչը:

«Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը շնորհավորելով հոբելյարին՝ նկատեց, որ վերջինս աշխարհում բարձր է պահում հայ ազգի, մասնավորապես՝ Շիրակի պատիվը: Ինչպես նա նշեց՝ մշակութային քաղաք Գյումրիից սերված Վալմարը հայ մշակույթի դեսպանն է աշխարհի տարբեր երկրներում:

Գեղանկարիչն այս ցուցահանդեսին սպասում էր նաև Մշակույթի՝ արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանին, սակայն ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառով վերջինիս այցը չեղարկվեց:

«Շատ կցանկանայի, որ նա այսօր այստեղ, իմ կողքին լիներ, չէ՞ որ իր աջակցության շնորհիվ այս ցուցահանդեսն իրականացավ: Ես փորձեցի այս օրերին իր հետ կապ հաստատել՝ որպես ընկեր, որպես բարեկամ, սակայն հասկանալի պատճառով՝ չստացվեց», – ափսոսանք հայտնեց Վալմարը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ոչ միայն նկարչի ընտանիքի անդամներն ու նրա արվեստի սիրահարները, այլև ընկերներ ու գործընկերներ՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը, հոգևորականներ, ու նկարիչներ:

Փոխանցելով ցուցահանդեսից ստացած իր տպավորությունները՝ Դավիթ Մուրադյանն այն մեկ բառով նկարագրեց՝ ձմեռ պատկերող նկարին նայելով սկսել է մրսել, իսկ դա նշանակում է, որ նկարի միջոցով փոխանցվող ասելիքը տեղ է հասել:

«Նոր չէ, որ ծանոթ եմ իր գեղանկարչությանը, սակայն այսօր այդ ամենը հավաքված տեսնելով՝ խորը հարգանքի զգացում ունեցա, քանի որ պարզվեց՝ որևէ պարապ օր չի ունեցել, անընդհատ աշխատել է: Խորագույն հարգանքի է արժանի ամեն օր ու բոլոր պարագաներում արվեստի մեջ ապրելն ու դրան ծառայելը», – վստահեցրեց կինոգետը:

Ռեկտորն առավել տպավորված է նկարչի Գյումրվա շարքով, որն, ըստ նրա, իր պոետական հավաստիությամբ առանձնանում է մյուս աշխատանքներից.

«Վալմարն իր բնօրրանը նկարել է իբրև պոետ, ու կյանքի հավաստիությունը հենց դրա մեջ է: Նայում ես Գյումրվա շարքն ու ուզում ես այդ քաղաքում ապրել»:

Վալմարի ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 27-ը, իսկ սեպտեմբերի 18-ից այն իր դռները կբացի ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Նկարիչը հատուկ հրավեր է ստացել Արգենտինայի թանգարանից, որտեղ կներկայացվեն իր աշխատանքներից 200-ը:

«Այս տարվա մեջ առաջին քայլը սա է՝ իմ երկրի, իմ հողի վրա, սակայն մինչև տարեվերջ նույն ցուցահանդեսը կներկայացվի աշխարհի ևս 3 երկրներում: Ճիշտ է, ոչ բոլոր աշխատանքներս կարող եմ ցուցադրել՝ պայմաններից ելնելով, բայց իմ խնդիրն է՝ անընդհատ արարել, փնտրել, հայտնաբերել ու դա մատուցել աշխարհին», – եզրափակեց Վլադիմիր Մարգարյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում