Հասմիկ Պապյանը մշակույթի նախարարի պաշտոնի հավակնություններ չունի

Հասմիկ Պապյանը մշակույթի նախարարի պաշտոնի հավակնություններ չունի

«Կարեւոր է, որ նոր Մշակույթի նախարարը գաղափարի հետեւորդ լինի, որովհետեւ մենք մշակույթի ազգ ենք: Աշխարհն այս հեղափոխությունից հետո սկսեց մեզ ճանաչել նաեւ որպես մեծ կամքի ուժով օժտված ժողովրդի: Որ ասում են՝ «հայու գեն», հիմա այն խոսեց. 100 հազար մարդ դուրս եկավ փողոց՝ առանց ջարդարարության»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե մայիսի ութից հետո ում եք տեսնում Մշակույթի նախարարի պաշտոնում, ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը:

Նա նախ նշեց, որ Մշակույթի նախարարի պաշտոնի հանդեպ հավակնություններ չունի, բայց պատրաստ է ցանկացած կերպ իր փորձառությունը փոխանցել երիտասարդներին: Հասմիկ Պապյանը հավելեց. «Երբ Փաշինյանին հարցրին՝ ռուսամե՞տ է, թե արեւմտամետ, նա ասաց, որ հայամետ է: Բոլորս պետք է կառչենք այդ խոսքից եւ դառնանք հայամետ»: Օպերային երգչուհին նաեւ համոզմունք հայտնեց, որ նոր իշխանության դեպքում պետք է վերանայվի նաեւ մշակույթի գործիչներին պարգեւներ-շքանշաններ շնորհելու ինստիտուտը. «Զավեշտը հասել է նրան, որ անձին երկրորդ անգամ նույն շքանշանն են տալիս: Դրանք տրվում են նաեւ սանիկ-քավորներին»:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն էլ վստահություն հայտնեց, որ ժողովրդական շարժման շնորհիվ նոր Հայաստանի կերտման ճանապարհին ենք. «Այն անցնելու համար պետք է համազգային մակարդակ ստեղծվի: ՀՀ-ն ծայրահեղ վիճակում է ժառանգվում երիտասարդներին: Համազգային ուժերի գերլարում է պետք, որպեսզի երիտասարդները ստեղծեն այդ նոր Հայաստանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում