Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառում՝ Բոլնիս-Խաչեն գյուղում

Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառում՝ Բոլնիս-Խաչեն գյուղում

Մայիսի 5-ին Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում հանդիսավոր նշվեց նույնանուն գյուղի զավակ, մեծ մանկավարժ ու մանկագիր, հայտնի գրող ու հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի հիշատակի օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմը։ Ավանդական դարձած միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և Բոլնիս-Խաչեն հայրենակցական միության աջակցությամբ։ 

Միջոցառման բացման իր խոսքում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,աղայանական օրվա կազմակերպիչ Գևորգ Սնապյանն անդրադարձ կատարեց մեծ գրողի կենսագրությանը և գրական գործունեությանը, խոսեց այն մեծ ներդրման մասին, որ Ղազարող Աղայանը ունեցել է հայ գրականության զարգացման գործում:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում ընդգծեց Ղազարոս Աղայանի այն մեծ դերն ու նշանակությունը, որ ականավոր գործիչն ունեցել է հայ մանկան դաստիարակության գործում՝ միաժամանակ ողջունելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչներին՝ հայ մեծանուն գրողների և նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։

Միջոցառմանը ներկայացվեցին հայկական երգ ու պարի, ինչպես նաև ասմունքի կատարումներ։

Դեսպան Սադոյանը նաև շրջայց կատարեց Ղազարոս Աղայանի տուն-թանգարանում և գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ Ռուբեն Սադոյանը գյուղացիներին վստահեցրեց, որ դեսպանությանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ մեծ մանկագրի տուն-թանգարանն ունենա ավելի բարվոք պայմաններ և ավելի ներկայացուցչական տեսք։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում