Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Բյուլուքյան» հիմնադրամի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Բյուլուքյան» հիմնադրամի անդամներին

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Բյուլուքյան» հիմնադրամի անդամներին (Ֆրանսիա)` գլխավորությամբ հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Քլավղանի:

Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով հիմնադրամի անդամների ճանաչողական այցը Հայաստան և Սուրբ Էջմիածին, անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը և մասնավորապես` առողջապահության ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ցուցաբերվող զորակցությանը:

Վեհափառ Հայրապետը հիմնադրամի կառավարիչներին ու բարեկամներին ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս առաքելությունը` առանձնացնելով Հայ Եկեղեցու ծրագրերը սոցիալական ու կրթական ոլորտներում: Նորին Սրբությունը նաև անդրադարձ կատարեց քրիստոնեական դաստիարակության և հոգևորականների պատրաստության խնդիրներին:

Այնուհետև հիմնադրամի նախագահն ընդունելության համար երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը` կարևորելով հանդիպումը և ներկայացնելով այցից ստացած տպավորությունները: Պրն. Ժան-Պիեր Քլավղանը նշեց, որ քաջատեղյակ են, թե որքան ջանք է ներդրվում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար:

Հիմնադրամի նախագահը հավելեց, որ այս այցը պիտի նպաստի հիմնադրամի կողմից իրագործվելիք ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում