Ֆեյքնյուզի աշխարհում պետք է սովորենք՝ ինչպես ճիշտ, արագ ու օբյեկտիվ աշխատենք. Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյան

Ֆեյքնյուզի աշխարհում պետք է սովորենք՝ ինչպես ճիշտ, արագ ու օբյեկտիվ աշխատենք. Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյան

Սկսած 1945 թվականից՝ ամեն տարի մայիս 7-ին աշխարհը նշում է ռադիոյի միջազգային տոնը: Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ոչ միայն մերօրյա ռադիոյի պահանջներին, այլև՝ նրա առջև դրված հիմնական խնդիրներին:

Ըստ նրա՝ հիմնական պահանջներն ու խնդիրները նույնն են, ինչ 10, 20, 50 կամ 70 տարի առաջ՝ լինել օպերատիվ, օբյեկտիվ, անաչառ, մատուցել ճիշտ լրատվություն:

«Իհարկե, այսօրվա ռադիոն տարբերվում է տարիներ առաջվա ռադիոյից, քանի որ այն հիմա նաև համացանցում է սփռվում, ունի վիդեոտարբերակներ: Վերջինս նոր տիրույթ է ու շատերի համար քիչ հասկանալի», – նշեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը՝ հեռուստատեսությունն իր տեղը կամաց-կամաց զիջում է ինտերնետ աշխարհին, արդյոք նման վտանգի առջև չի կարող կանգնել նաև ռադիոն, պատասխանեց.

«Մեկ դարից ավել առաջ, երբ հայտնվեց ռադիոն, բոլորը սկսեցին խոսել, թե թերթերը «մահանում» են: Երբ հայտնվեց հեռուստացույցը, բոլորը սկսեցին թերթերի հետ մեկտեղ կանխատեսել նաև ռադիոյի մահը: Համացանցի ի հայտ գալու դեպքում հեռուստատեսության համար էլ նույն ճակատագիրը կանխագուշակեցին… Բոլոր դեպքերում էլ սխալվեցին: Համացանցը լուրեր չի ստեղծում, այն միայն տարածում է լուրը, իսկ նման տարածման միջոցները տարբեր են: Չեմ էլ կասկածում, որ դեռ կհայտնվեն շատերը, ուղղակի պետք է ճիշտ օգտագործել այդ միջոցները»:

Մեր զրուցակցի խոսքով՝ երաժշտական ուղղվածություն ունեցող ռադիոկայանները նույնպես կանգնած են մարտահրավերների առաջ՝ պայքարելով Youtube-ի հետ:

«Երբ միացնում ես Youtube-ն, այն ավտոմատ քեզ մատուցում է այն երաժշտությունը, որը ցանկանում ես, և այս հարցում ռադիոն իր դիրքը զիջում է: Այլ բան, որ ռադիոն կարող է այդ երաժշտությանը բովանդակություն ու արժեք ավելացնել, ինչն էլ նրա հիմնական ուժն է, ապագան», – ընդգծեց նա:

Մարկ Գրիգորյանի պնդմամբ՝ ռադիոլսողները հետաքրքրված են նախ տեղեկատվությամբ, ապա՝ երաժշտությամբ.

«Կապ չունի, թե ինչ լուրերի մասին է խոսքը՝ մշակութային, ժամանցային, քաղաքական, թե տնտեսական, մարդիկ տեղեկատվության անհրաժեշտություն ունեն: Նրանց պետք է հասանելի լինի այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում»:

Ռադիոոլորտի առավելություններն ու բացթողումները բազմաթիվ են: Հանրային ռադիոյի տնօրենը հիմնական բացթողում համարեց օբյեկտիվության բացակայությունն ու մատուցման ձևերը, իսկ առավելությունների պահով նկատեց՝ առանց բարձրաձայնելու էլ տեսանելի են:

«Վստահ եմ՝ վերջին շաբաթների ընթացքում բոլորն էլ ծանոթացել են առավելություններին, ամբողջ Հայաստանն էր նայում ու լսում ռադիոեթերները: Պարզվեց, որ ռադիոներն ավելի արագ են, ավելի կազմակերպված, լուրերն առավել մատչելի էին մատուցում, քան հեռուստաալիքները: Ֆեյքնյուզի աշխարհում պետք է սովորենք՝ ինչպես ճիշտ, արագ ու օբյեկտիվ աշխատենք», – եզափակեց նա:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում