Գիտակցում

Գիտակցում

Թվաց՝ ճանաչեցի ԻՆՁ
Նրա մեջ, ով ձեռքերը բռունցք արած պահանջում էր արդարություն:

Էլի երկիրս,
Մի ողջ ժողովուրդ քայլում է մի ուղղությամբ։
Ես կարող էի քայլել բոլորի հետ,
Կարող էի քայլել բոլորի հետ,
Բայց անցյալիս փորձն ասում է,
Որ ուղղությունը, որով միահամուռ գնում են բոլորը,
Ոչ մի տեղ չի տանում երբեք:

Ես կարող էի գոռալ ու ուշաթափվել հիացմունքից,
Կարող էի գոռալ ու ուշաթափվել հիացմունքից,
Երբ ճակատս կպչեր ափին ՆՐԱ, ում երկրպագում են բոլորը,
Բայց ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է զգում հիմա նա, երբ վերեւում է,
Եվ ի՞նչ է զգալու այն ժամանակ, երբ բոլոր գերաններն իր աչքում կլինեն։
Քանի որ արդեն տեսնում եմ՝ ոնց են տրորելու նրան կճղակների տակ, երբ սայթաքի։

Ես հիմա առավել հաճախ լռում եմ, երբ բոլորը ճչում են ոգեւորությունից,
Մի՞թե երբ զենքով գնում ես ՍԵՐ նվաճելու,
Դրանից սերն ավելի շատանում է:

Մեզանից յուրաքանչյուրը պարզ գիտակցում է,
Որ լիուլի ժամանակ ունի ՉՀԱՍՑՆԵԼՈՒ՝
գրավել տեղը, որը իրենը պիտի լիներ կարծես,
Բայց ես գիտեմ նաեւ, որ բոլոր խաղերը խաղալուց հետո
Մնում է հիասթափությունը,
Երբ գիտակցում ես, որ վերեւում էլի նույն մարդիկ են,
Վերեւում էլի նույն մարդիկ են,
Վերեւում մի՛շտ ՆՈՒՅՆ մարդիկ են,
Որ վերեւում էին նաեւ այն ժամանակ,
Երբ ՍԿՍԵՑԻՐ պայքարել:

Ես կարող էի վստահել ձեր համոզվածությանը, որ հաղթել ենք,
Հավատալ, որ հաղթել ենք,
Եթե անցյալի փորձն ինձ չհուշեր,
Թե ինչ հիասթափեցնող կարող են լինել հաղթանակները,
Ես կարող էի ձեւացնել, թե հավատում եմ ձեր հաղթանակին,
Կարող էի ձեւացնել, թե հավատում եմ ՁԵՐ հաղթանակին,
Բայց արդյո՞ք դա ձեզ պետք է
Եվ արդյոք դա ինչ-որ բան կփոխի։

Ախր գիտեմ,
Որ այն, ինչին դուք գալու եք Ի ՎԵՐՋՈ,
Ես հասկանում էի ԱՄԵՆԱՍԿԶԲԻ՛Ց:

Ռուզան ԱԶԻԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում