USD
EUR
RUB

«Արվեստագետները ոչ թե հեռանում են այլ մեկնում՝ վերադառնալու պայմանով»

 
 

Դիանա Ադամյանը փայլել է Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում

Հայաստանյան թավշյա հեղափոխության օրերին «Առավոտը» արվեստագետներից, մասնավորապես՝ երաժիշտներից, նույնիսկ հորդորներ էր ստանում, թե ինչու լուր չկա աշխարհի ամենահեղինակավոր՝ Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Ադամյանի (պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի դասարան) հաղթանակի առիթով:

Ի դեպ, մինչ Շվեյցարիա մեկնելը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահարուհու ելույթից առաջ զրուցել ենք նրա հետ («Առավոտ», 16.02.2018թ.): Շվեյցարիայի մայրաքաղաքում կայացած մրցույթից անմիջապես հետո ջութակահարուհու հաղթանակի մասին տեղեկացրել ենք մի քանի անգամ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի, «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի, Համահայկական նվագախմբի առիթով հայրենիք ժամանած թավջութակահար Սեւակ Ավանեսյանի, ջութակահար Արմեն Մովսեսյանի եւ հիշյալ մրցույթում 12 տարի առաջ դարձյալ այս մրցույթում հաղթանակ տարած բելգիաբնակ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հետ զրույցներում:

1983թ. հիմնված, 2 տարին մեկ տարբեր երկրներում, այս տարի 18-րդ անգամ անցկացվող մրցույթում «մրցում» են երկու տարիքային խմբերի (11-15 եւ 16-22) ջութակահարներ:

Դիանա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ մասնակցությունը մրցույթի կազմկոմիտեին իրենց ձայնագրություններն են ուղարկել մոտ 320 երաժիշտ, որից ժյուրին՝ ամերիկացի ճանաչված ջութակահարուհի Պամելա Ֆրանկի նախագահությամբ, ընտրել է 44-ը՝ շուրջ 20 երկրից: Պարտադիր ծրագրում ջութակահարը պետք է ներկայացներ Բախի, Մոցարտի, Պագանինիի, Կրեյսլերի, Բեթհովենի ստեղծագործություններից եւ Յայիր Քլարթագի ստեղծագործությունը՝ գրված հատուկ մրցույթի համար:

Հետաքրքրությանը, թե մրցույթում հաղթանակը իր տաղանդի, աշխատասիրության, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անվանի մանկավարժ Պյոտր Հայկազյանի, կոնսերվատորիայում Էդուարդ Թադեւոսյանի դասարանում ուսանելու արդյունք էր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հնչեցրած անուններին ես կգումարեի նաեւ ժամանակին անվանի ջութակահարներ Լեոնիդաս Կավակոսի, Անա Չումաչենկոյի, Պինկա Ցուկերմանի անունները, որոնց ղեկավարությամբ վարպետության դասընթացների եմ մասնակցել, ինչպես նաեւ 2012 թվականից պրոդյուսերիս՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանին: Եվ, բնականաբար, երաժշտական ընտանիքիս՝ ջութակահարներ հորս՝ Հակոբ Ադամյանի, մորս՝ Նունե Անտաշյանի հաղթանակն է»:

Դիտարկմանը՝ սովորաբար մրցույթներում, այն էլ նման հեղինակավոր, ներկա են լինում պրոդյուսերներ, ճանաչված երաժիշտներ, որոնք մանավանդ դափնեկիրներին համագործակցության առաջարկ են անում, այս առիթով արվեստագետը փաստեց, թե մրցույթի պայմաններից մեկն էլ հաղթողին ժամանակավոր օգտագործման համար ջութակի վարպետ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից Նիկոլա Գալիանոյի ջութակի տրամադրումն է, երրորդ փուլում ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական նվագախմբի ընկերակցությամբ, ջութակահար եւ դիրիժոր Յուլիան Ռախլինի ղեկավարությամբ, հետո ասաց. «Իհարկե, առաջարկներ ստացել եմ, օրինակ՝ 2019թ. դարձյալ կհամագործակցեմ Լոնդոնի թագավորական նվագախմբի հետ, 2020թ. հյուրախաղերի առաջարկներ կան Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանից տվյալներս է խնդրել հեղինակավոր Harrison Parrott պրոդյուսերական կազմակերպության ներկայացուցիչ Ջասպեր Փերոթը եւ այլն»: Իսկ թե ինքն էլ կհետեւի՞ հեղինակավոր մրցույթներում հաղթած համերկրացիների օրինակին ու կհիմնվի եւ ստեղծագործական գործունեությունը կշարունակի արտասահմանյան որեւէ երկրում, երիտասարդ արվեստագետը պատասխանեց. «Ձեռք բերածով պետք չէ բավարարվել: Ի վերջո արվեստագետները, մանավանդ երիտասարդ, ոչ թե հեռանում են հայրենիքից, այլ մեկնում՝ վերադառնալու պայմանով, ինչը ես համարում եմ նույնիսկ պարտադիր՝ փորձի փոխանակման, կարճ ասած՝ աշխարհից ինֆորմացիա ստանալու համար: Այս տարի կմեկնեմ Մյունխեն՝ ուսումս շարունակելու Անա Չումաչենկոյի ղեկավարությամբ…»:

Զրույցի ընթացքում Դիանա Ադամյանը հավաստիացրեց, որ իրեն տարբեր հարցեր էին ուղղվում այդ օրերին մեր երկրում կատարվող դեպքերի մասին. «Բոլորը հիացմունքով էին խոսում հայաստանյան թավշյա հեղափոխության մասին, հատկապես նշելով սերնդակիցներիս մասնակցությունը, ինչի առիթով հպարտություն էի ապրում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan