Համբարձման տոնի ժողովրդական սովորությունները

Համբարձման տոնի ժողովրդական սովորությունները

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է V դարից սկսած: Տերունի այս տոնը հարուստ է ոչ միայն եկեղեցական, այլ նաև ժողովրդական ծեսերով, որոնցից մի քանիսին ականատես ենք լինում նաև այսօր:

Ժողովրդական կենցաղում Համբարձման տոնակատարություններն ընթացել են մի քանի օր շարունակ: Տոնի հիմնական սովորույթներն են ծաղկահավաքը, վիճակահանությունը, ուխտագնացությունը, ծիսական ուտեստը: Պատահական չէ, որ Համբարձումից բացի տոնն ունի նաև այլ անվանումներ, որոնք կապված են ծիսական այս բաղադրիչների հետ, ինչպես՝ Ծաղկաքաղի օր, Ծաղիկ գովել, Վիճակի օր, Ջանգյուլումի օր, Ճակատագրի տոն, Ծաղկամոր տոն, Կաթ ուտիլի օր, Կաթնապրի տոն և այլն:

Տոնի «Վիճակ» անվանումը կապված է սուրբգրային դրվագի հետ, համաձայն որի Հիսուսի Համբարձումից հետո առաքյալները և Նրա հետևորդները մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ ընտրում են Մատաթիային՝ որպես տասներկուերորդ առաքյալ:

Վիճակահանություն կատարվում է նաև ժողովրդական ծիսակարգում, որի հիմնական մասնակիցներն աղջիկներ են: Ըստ ավանդույթի՝ աղջիկների խումբը Համբարձմանը նախորդող չորեքշաբթի՝ վաղ առավոտյան, մինչև արեգակի ծագելը, անխոս գնացել են դաշտերը, յոթ աղբյուրից՝ յոթ բուռ ջուր, հոսող առվից՝ յոթ քար, յոթ տեսակ ծառից՝ յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ հավաքել և լցրել մի փարչի մեջ: Աղջիկները նաև մի մեծ փունջ են կապել, որը եղել է Ծաղկամերը, և դրել են կճուճի բերանին: Ծաղկահավաքի ողջ ընթացքում տղաների խմբերը հետևել են նրանց՝ փորձելով սրախոսություններով գրավել աղջիկների ուշադրությունը և խախտել լռությունը: Սակայն աղջիկները պետք է լուռ մնային, մինչև իրենց առաքելության ավարտը, վիճակի փարչի նախապատրաստումը:

Աստղերը երևալուն պես վիճակի կճուճը թաքցրել են թփերի տակ, ինչը կոչվել է «աստղունք դնել», կամ պահել են աղջիկներից մեկի տանը և հսկել, որ տղաներն այն չփախցնեն: Հինգշաբթի՝ տոնի հիմնական օրը, աղջիկները երգելով շրջել են տնետուն, ծաղկեփնջեր և ջուր նվիրել, իսկ տանտիկինները նրանց տվել են յուղ, ձու և այլ մթերքներ և մեկական իր գցել վիճակի փարչի մեջ: Աղջիկների նվիրած ջուրն էլ լցրել են խնոցիները՝ առատ կարագ ունենալու ակնկալիքով, առողջանալու հավատով էլ ցողել են մարմնի հիվանդների անդամները:

Կեսօրին սկսվել է վիճակահանությունը: Աղջիկներից ամենակրտսերին զուգել են հարսի զգեստով: Ջանգյուլումի երգից հետո հենց նրան էր վիճակված խորհրդավոր փարչի միջից հանել վիճակահանության իրը, որի տիրոջն էլ վերագրվել է երգի ուղերձը՝ բարի բախտ կամ անհաջողություն: Համբարձման տոնին բնորոշ այս արարողությունը շատ սիրված է և սպասված է եղել, և միշտ ուղեկցվել է ուրախ երգերով ու կատակներով:

Վիճակահանության ավարտին Ծաղկամերը, որը համարվել է Վառվառե կույսի խորհրդանիշը, նվիրել են եկեղեցուն:

Տոնը շարունակվել է ուխտավայրերում: Ուխտագնացությունը քրիստոնյայի հոգևոր-բարեպաշտական կյանքի կարևոր դրսևորումներից է: Ազգագրական սկզբնաղբյուրները և ուսումնասիրությունները վկայում են, որ դեռևս միջնադարից մինչև մեր օրերը Համբարձման տոնին ժողովուրդն ուխտի է գնացել: Համբարձման տոնի նշանավոր ուխտավայրերից են Վարդենիկ գյուղի Թուխ Մանուկը, Լուսագյուղի Թուխ Մանուկը, Արցախի Սխտորաշեն գյուղի երկու հազար տարեկան սոսին և շատ այլ սրբատեղիներ:

Համբարձման ուխտավայրերից ամենանշանավորը Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Վառվառե կույսի գերեզմանը:

Վառվառեն քրիստոնեություն դավանելու համար հալածվել է հորից և ապաստանել է Արայի լեռան մի այրի մեջ: Սակայն հայրը հովիվներից իմացել է աղջկա տեղը, և Վառվառեն նահատակվել է: Նահատակությունից առաջ Վառվառեն անիծել է հովիվներին, և նրանք ոչխարների հետ քարացել են: Վառվառեն խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով բժշկվեն: Դրա համար էլ այրը կոչվում է Ծաղկեվանք կամ Վառվառե կույսի քարայր: Այստեղ գալիս են նաև կանայք՝ սրբի բարեխոսությամբ Տիրոջից զավակ խնդրելու:

Ուխտավորները Սուրբ Պատարագին մասնակցելուց և Տիրոջ հետ իրենց ուխտը նորոգելուց հետո անցել են մեկ այլ հետաքրքիր և խորհրդանշական ծիսակատարության՝ Համբարձման կաթնապուրի ճաշակմանը: Որոշ բնակավայրերում Զատկից մինչև Համբարձում կաթը խնայելու նպատակով կաթնամթերք չեն օգտագործել: Համբարձման տոնի օրը ուխտավայրերում կաթնապուր են եփել և որպես մատաղ՝ յոթ տեղ բաժանել, որպեսզի կովերն առատ կաթ ունենային: Կաթնապուրը շաղ են տվել արտերի շուրջ, որպեսզի հունձքն առատ լիներ և չվնասվեր: Հավատացել են, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր կաթնապուրը, կլիներ տարվա հաջողակը: 

Համբարձման տոնի կերակուրներից էր սամիրը, որը պատրաստվել է ծեծած կորեկից, կարագից և կաթից: Մեկ այլ բաղադրատոմսով՝ կորեկը փոխարինել են բրնձով՝ ավելացնելով շաքարավազ: Ընդունված է եղել նաև ձվածեղը:
Ուխտավայրերում իսկական տոնախմբություն է կազմակերպվել՝ երգ ու պարով, խաղով ու նվագով: Համբարձման ուխտագնացությունները և ծաղկահավաքները լավագույն առիթ են եղել երիտասարդների ծանոթության համար:

Տոնի կարևոր մաս են կազմել շնորհավորական փոխայցելությունները: Միմյանց հիմնականում հյուր են գնացել նորանշանների և նորապսակների ընտանիքները՝ տանելով նվերներով և քաղցրեղենով առատ սկուտեղներ:

Ինչպես այլ տոներին, Համբարձման տոնին ևս սգակիր ընտանիքները գտնվել են հարազատների և մերձավորների ուշադրության կենտրոնում: Հանգուցյալ ունեցող ընտանիքների բարեկամ կանայք տոնի հաջորդ օրն այցելել են սգակիրներին և նրանց ուղեկցել գերեզմանատուն՝ տանելով ուտեստի որոշակի պաշար և որպես ողորմություն՝ տվել աղքատներին: Քահանայի կողմից կատարվել է գերեզմանօրհնեք:

Դարերով արմատավորված Համբարձման տոնի այս սովորույթները ևս մեկ առիթ էին՝ հոգևոր մտորումների, բարեկամական կապերի վերահաստատման և փոխադարձ աջակցության, բնության բարիքները գնահատելու և աստվածատուր պարգևների դիմաց երախտագետ լինելու համար:

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՇՈՂԱԿՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում