Աստծուն մոտենալու առաջին քայլը

Աստծուն մոտենալու առաջին քայլը

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգևոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգևոր և ճգնակյաց կյանքով: Խոհեմ և երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է.

– Որդիս, իսկ դու երբևէ որևէ կնոջ սիրե՞լ ես:

– Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն և ապրել միմիայն հոգևոր կյանքով, – բողոքում է ճամփորդը:

– Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որևէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել:

– Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն:

– Ետ վերադարձիր աշխարհ, փորձիր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու առաջին քայլը, – պատասխանում է ծերը:

Պատմությունը պատրաստեց Աշխեն Քեշիշյանը
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում