Զրույց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ

Զրույց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ

Մեր զրուցակիցն է Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

– Տե՛ր հայր, ինչպե՞ս պատահեց, որ Հայրապետյանների ընտանիքում երկու ապագա հոգևորական մեծացավ` տեր Բաբկենը և տեր Շահեն:

– Մենք ծնվել ենք Մարտունու շրջանի Լիճք գյուղում, ես` 1956 թվականին, եղբայրս` երեք տարի անց: Հայրս վարորդ էր, մայրս` խոհարար: Պապս Ալաշկերտից էր, տատս՝ Խնուսից, երկուսն էլ տոհմիկ քահանաների սերնդից էին: Խաչատուր պապս ճեմարանական կրթություն ուներ: Գյուղի խորհրդատուն էր, խորհրդային շրջանում երեխաներին շարականներ, հանելուկներ, առակներ էր սովորեցնում, «Նորաստեղծյալ»-ն էր երգում: Լիճքում ընդունված էր մեզ «իրիցու», այսինքն` երեցի ազգ անվանել: Երեք տարեկանում, երբ թևս կոտրվել է, Հերիքնազ տատս, ինձ շալակն առած, Հայաստանի տարբեր շրջանների յոթ եկեղեցի է տարել, Տիրոջ բժշկությունը հայցել: Ես հրաշքով եմ ապաքինվել: Այնպես որ երկու տոհմական քահանաների շառավիղ լինելը թե՛ ինձ, թե՛ եղբորս պարտավորեցնում էր սիրել Հայ Եկեղեցին, ընտրել հոգևորականի ճանապարհը:

-Դուք նախկինում այլ մասնագիտություն եք ընտրել:

– 1960 թ. մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան: Ես գերազանցությամբ ավարտեցի դպրոցը: Երազում էի հնագետ դառնալ: Սիրում էի հայոց պատմությունը, լեզուն, գրականությունը: Գրաբարով տասնյակ գործեր անգիր գիտեի, բայց մաթեմատիկան, որն իմ տարերքն էր, ի վերջո հաղթեց: Ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո տարբեր ժամանակաշրջաններում աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Ճարտարապետությունն ու շինարարությունը երբեք չեմ տարանջատել հոգևոր ոլորտից, քանի որ հատկապես հայերիս համար եկեղեցական ճարտարապետությունը հոգևոր-մշակութային և գիտական գանձ է, որի մեջ այնքա՛ն նվիրում կա: Սա մի ժառանգություն է, որն ինչքան էլ ուսումնասիրես, միևնույն է` անսահման է:

– Անդրադառնանք Ձեր հոգևոր գործունեությանը:

– Ես այն սկսել եմ հոգևոր երաժշտությունից, որով ապրում էի ամեն օր: Երգել եմ «Նարեկ» արական երգչախմբում, Գեղարդավանքի դպրաց դասի կազմում, իսկ կիրակի օրերին Խոր Վիրապն էր ինձ Սուրբ Պատարագի «կանչում»… Այդպես տասներեք տարի:

1997 թվականին ձեռնադրվել եմ սարկավագ, ծառայել Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Աստվածածին (Կաթողիկե), Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցիներում, տարիներ անց ղեկավարել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժինը: 2002-2004 թթ. սովորել եմ քահանայից պատրաստման լսարանում, ապա ձեռնադրվել ամուսնացյալ քահանա և որպես հոգևոր հովիվ ծառայել մայրաքաղաքի Նուբարաշեն համայնքում: 2009 թվականից Արաբկիր համայնքի հոգևոր հովիվն եմ: Պատիվ ունեմ նաև Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հովիվը լինելու:

Ինչպես գիտեք, շուրջ տասներեք տարի է, ինչ կառուցվում է Արաբկիր համայնքի եկեղեցին, որի շինարարության վերահսկողությունը ստանձնել եմ ես: Արդեն գործում է մկրտության ավազանը, իսկ եկեղեցու բացմանը քիչ ժամանակ է մնացել: Հուսով եմ, որ շուտով այն կլցվի աղոթող սրտերով, և համայնքն ավելի կմիաբանվի, հավատքն էլ՝ կհզորանա:

– Տե՛ր հայր, ի՞նչ է Ձեզ համար հոգևոր ծառայությունը:

-Կոչում, որին հետևել եմ նախնիներիս կանչով և Տիրոջ կամքով, գործ, որին զինվորագրվել եմ կամավոր` հանուն ազգի և քրիստոնեական հավատքի: Երջանիկ եմ, որ այս գործում ունեմ իմ ընտանիքի զորակցությունը:

Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆ
ՇՈՂԱԿՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում