Առաջին միտքը, որ ծնվեց ինձ մոտ՝ հրաժարվելն էր. Անահիտ Աղասարյանը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման պիեսի մասին

Առաջին միտքը, որ ծնվեց ինձ մոտ՝ հրաժարվելն էր. Անահիտ Աղասարյանը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման պիեսի մասին

Արցախյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց իրական պատմությունը գեղարվեստական տեսքով տեղ կգտնի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: «Հարսանիք թիկունքում» ներկայացման պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանն Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ սկզբում մտածել է հրաժարվել նման թեմայով պիես գրելուց, սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ստանձնեց կարևոր այդ պարտականությունը:

«Առաջարկը եղավ Գյումրիի թատրոնի ղեկավարության կողմից, և առաջին միտքը, որ ծնվեց ինձ մոտ՝ հրաժարվելն էր: Շատ պատասխանատու էր թեման՝ Քառօրյա պատերազմ, իսկ ես գիտեմ, որ անկարող եմ հայրենասիրական պաթոսով պիես գրել: Պարզվեց, որ իրենք էլ ոչ թե պաթոս, այլ հուզիչ, ասելիքով պիես են ուզում, որը ժողովրդի մեջ հայրենասիրությունն ու մարտական ոգին կուժեղացնի ոչ թե հրապարակախոսական ոգեշունչ դիալոգներով, այլ՝ թատրոնի լեզվով՝ ապրումով, գործողությամբ, հույզերով», – մանրամասնեց դրամատուրգը:

Ասում են՝ միայն ժամանակն է ի զորու ամոքել ցավը, ու թաց վերքի մասին անընդհատ խոսելը երբեմն առավել ցավոտ է դարձնում այն: Քառօրյան դեռ բաց վերք է, որին ոչ բոլորն են համարձակվում ու սիրտ անում դիպչել: Մեր զրուցակիցն էլ նման մտավախություններ ուներ:

«Թեման ցավոտ է, մեր զոհված տղերքի կորուստը չապաքինված ու չապաքինվող վերք է, ու հենց դրա համար էլ վախենում էի էդ թեմայով պիես գրել: Վախենում էի պատասխանատվությունից: Բայց հետո Նիկոլայ Ծատուրյանը, ինչպես միշտ, գոտեպնդեց», – նշեց նա:

Պիեսի հիմքում իրական դեպքեր են, որոնց մտացածին լուծում տալը զգալիորեն բարդացնում է հեղինակի աշխատանքը: Դիտարկմանը՝ արդյոք դժվար չէր պահել այդ նուրբ թելը՝ իրականությունից դեպի գեղարվեստական՝ չխախտելով ներդաշնակությունը, նկատեց.

«Այո՛, պիեսի հիմքում իրական դեպք է, բայց այն, ինչ հանդիսատեսը կտեսնի բեմում, արդեն շա՜տ մոտավոր է նման իրականում կատարվածին: Երբ իրական դեպքը բարձրանում է արվեստի հարթակ՝ ընդհանրացումներ են պետք: Այլապես այն կմնա որպես մասնավոր դեպք… Ես սիրում եմ իրական պատմությունների հիման վրա գրել, սիրում եմ նախապես ճանաչել դերակատարներին ու կերպարը նրանց վրայով «ձևել»: Սիրում եմ, երբ բեմադրիչն ու հեղինակը, պիեսը գրվելուց հետո, շարունակում են համատեղ աշխատանքը, շարունակում են պրպտալ, լուծումներ գտնել: Իմ մեղավոր կարծիքով՝ թատերական պիեսը չի գրվում ու ավարտվում գրասեղանի մոտ: Շարունակվում է նաև բեմադրության ընթացքում»:

2016-ի ապրիլյան պատերազմի յուրաքանչյուր դրվագ սրտին կպնող էր, կծկող, ցավեցնող, սակայն դրամատուրգին մասնագիտական տեսանկյունից այս մեկն էր հուզել ու գրչին թելադրող դարձել՝ ապրիլ, հարսանիք, պատերազմ…

«Ներկայացվել ու քննարկվել են տարբեր պատմություններ, բոլորն էլ շատ հուզիչ, բոլորն էլ՝ արժանի, որ դրանց հիման վրա ֆիլմ նկարվի կամ թատրոնում ներկայացվի. մեր հերոսներն են, մեր զինվոր տղերքը: Ամեն պատմություն ցավ էր, հուզում էր… Բայց անձամբ ինձ դրամատուրգիական առումով հետաքրքրեց Լյուդվիգ Հարությունյանի պատմածը. ապրիլի 2-ին, շաբաթ օրով մի տղայի հարսանիքն էր նշանակված, բայց հետաձգվեց… Տղան գնաց պատերազմ… Գիտեք, իրական պատմության հերոսին, բնականաբար, չեմ ճանաչում, չգիտեմ ինչ ընտանիք է, արդյոք արտասահմանից բարեկամներ էին եկել հարսանիքին, արդյոք նրանց մեջ ընդդիմադիր կար, եզդի հարևան ունեի՞ն, Գորան տատ ունեի՞ն, թե՞ ոչ… Ի դեպ, ասեմ, որ Գորան անունն էլ լսած չկամ: Երբ տատի կերպարն էի գրում, ինքս էլ չգիտեմ որտեղից՝ Գորան անունը եկավ մտքիս…Էդպիսի բաներ լինում են», – ժպիտով հիշեց մեր զրուցակիցը:

Անահիտ Աղասարյանի համար իր իսկ գրած պիեսի ամենահուզիչ հատվածը վերջաբանն է: Նկատում է՝ այն կապ չունի իրական պատմության հետ: Հետո ավելացնում՝ ընդհանրապես, այս ներկայացման մեջ հուզիչ դրվագներ շատ կան: Կա նաև հումոր ու ծիծաղ: Գյումրեցին ինչպես՞ կարող է հումոր չանել:

«Հարսանիք թիկունքում» ներկայացման պիեսը գրվել է դեռ նախորդ տարի: Պատերազմիզ զատ այնտեղ կա նաև քաղաքականություն, քաղաքական էլիտային ուղղված քննադատություն: Որպես պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյանը գոհ է Գյումրու թատրոնի անձնակազմից. Ի պատիվ նրանց՝ իր իրավունքները չեն խախտվել, բեմում լինելու է այն, ինչ ինքն է թղթին հանձնել: Միայն բարբառն է ավելանալու:

«Պիեսը գրվել է անցյալ տարի: Ասեմ, որ պիեսում հնչում է քննադատություն՝ ուղղված այդ ժամանակվա իշխանությանը: Գրել էի այնպես, ինչպես գրվել էր՝ սրտից: Գյումրու թատրոնը պետական թատրոն է, բայց ո՛չ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի, ո՛չ գլխավոր ռեժիսոր Լյուգվիգ Հարությունյանի՝ նույնիսկ մտքով անգամ չի անցել կրճատել այդ տեքստերը: Փոխվել են այն տեքստերը, որտեղ հարկավոր էր հեղինակի երևանյան խոսքը փոխարինել գյումրվա համով բարբառով… Ոչ միայն գոհ եմ, այլև շնորհակալ այս թիմից: Դերակատարները, նկարիչ Գարեգին Եվանգուլյանը, Հայկոն, ռեժիսորը, տնօրենը՝ ամեն մեկն իր մասով, հավեսով ու նվիրումով աշխատել են և միայն ներկայացումով չեն բավարարվել, տեսահոլովակ էլ են նկարել: Գյումրիի թատրոնը, իսկապես, հաճելի անակնկալներ անող թատրոն է: Եթբ կա հրաշալի ստեղծագործական կազմ, Նիկոլայ Ծատուրյան, և հմուտ, բանիմաց ու պրպտուն տնօրեն՝ արդյունքը միշտ ակնհայտ է լինում»,-իր գոհունակությունը հայտնեց սցենարիստը:

Ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 30-ին և 31-ին: Անահիտ Աղասարյանը, բնականաբար, դահլիճում կլինի որիդիների՝ դերասան Սոս Ջանիբեկյանի և կինոռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանի ուղեկցությամբ:

Aysor.am-ի հարցին, թե ո՞րը կլինի իր հաջորդ աշխատանքը, կյանքի տարբեր իրադարձությունների ստեղծագործական միս ու արյուն տված սցենարիստը ժպիտով պատասխանեց՝ Թավշյա հեղափոխությունը:

Հեղինակ՝ ՆԵլլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում