Մայր թատրոնը դրամատուրգներին ու ռեժիսորներին համագործակցության առաջարկ է անում

Մայր թատրոնը դրամատուրգներին ու ռեժիսորներին համագործակցության առաջարկ է անում

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես է գալիս բաց հայտարարությամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը նշեց, որ իրենք ռեժիսորներից և դրամատուրգներից նոր պիեսների և բեմադրության առաջարկներ են սպասում, որոնք կքննարկվեն։ Նա ասաց, որ ամենալավ առաջարկները կփորձեն լույս աշխարհ հանել, մի քանիսի հետ բանակցություններն արդեն ընթանում են, շուտով արդյունքների մասին հայտնի կդառնա։

Էլբակյանի խոսքով՝ մինչ այս պահը թատրոնում բեմադրություններ են ներկայացրել երիտասարդ որոշ ռեժիսորներ, ինչպիսիք են Դավիթ Հարությունյանը, Լիլի Էլբակյանը, վաղը կայանալիք «Հարսնացուն հյուսիսից»-ից հետո կլինի երիտասարդ ռեժիսորի ևս մեկ ներկայացման պրեմիերա. Սամսոն Մովսիսյանը բեմադրում է «Սասնա ծռերը»՝ ըստ մեր էպոսի։

«Մինչև հուլիսի 1-ը սպասում ենք առաջարկների, բայց եթե ուշացնեն էլ, ոչինչ»,- ասաց Էլբակյանը։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ եթե ռեժիսորները Մայր թատրոնին առաջարկեն հայ ժամանակակից դրամատուրգիա՝ իրենց մոտեցմամբ, և եթե այն արժանանա գեղխորհրդի հավանությանը, իրենք պատրաստ են այն ֆինանսավորել։ Մկրտչյանը նաև նշեց թատրոնում իր ղեկավարման շրջանում կատարված փոփոխությունների մասին։

«Երբ ես եկա Մայր թատրոն, առաջին ասուլիսից հետո սկսեցինք շրջել թատրոնով, առաջին կետը տոմսարկղի այս հատվածն էր, որը բանտախուց էր հիշեցնում՝ փոքրիկ, մռայլ տեղ էր։ Տոմսարկղը ինձ համար թատրոնում ներդրում ունենալու տեղ է. որքան էլ մենք տարբեր հովանավորների դիմենք, մերժվենք-չմերժվենք, միևնույն է՝ թատրոնը պահում է ժողովուրդը՝ իր ներդրումով, տոմս գնելով։ Մենք որոշեցինք այն դարձնել լուսավոր, թափանցիկ, հասանելի օրվա մեծ ժամանակահատվածի համար, այստեղից ապահովել ներդրումներ թատրոնի համար»,- ասաց նա։

Մկրտչյանը հայտնեց, որ արդեն բացվել է թատրոնի կայքը, որում դեռ կարող են լինել սխալներ, բացթողումներ, բայց դրանք շուտ կշտկվեն։ Թատրոնի կայքի գործարկումն առայժմ մոտ մեկ ամիս փորձնական կլինի։ Nationaltheater.am, Sundukyan.am կայքերն, ըստ տնօրենի, թատրոնի այցեքարտն են. թեպետ այս պահին տոմսերի առցանց վաճառք չի իրականացնում, բայց հաջորդ քայլը դա է լինելու, նաև կայքի բջջային հավելվածներ ունենալու նպատակ կա:

Կայքը դինամիկ է, այն առաջին հերթին ցուցադրում է եղած ներկայացումների անոնսը։ Առաջիկայում նպատակ կա նաև նոր՝ «Սև տուփ» փորձարարական թատրոն ստեղծելու։

Մկրտչյանի խոսքով՝ հնարավորությունները շատ են, մնում է՝ դրանք օգտագործել, փոփոխությունները գուցե դանդաղ, բայց իրականանում են, և ամիս առ ամիս, օր առ օր ունենալու ենք ավելի նոր Մայր թատրոն։ Տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենք «համառաբար» զարգացնելու և խորացնելու են Վ. Աճեմյանի անունը կրող ստուդիան, ակնկալում են այն ավելի մեծացնել:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում