Մենք ունենք ստանձնած պարտավորություններ, իրականացնում ենք դրանք. Վարդան Մկրտչյան

Մենք ունենք ստանձնած պարտավորություններ, իրականացնում ենք դրանք. Վարդան Մկրտչյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը մշակույթի նոր նախարարից ակնկալում է, որ նա հաջողությամբ կիրականացնի այն ծրագրերը, որ ունեն երիտասարդները և այն, ինչ կուզենան իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Մենք մեր կողմից կփորձենք դրան նպաստել: Մշակութային ծրագրերը կարևոր են, եթե չկա մշակութային դիրքորոշում, երկրի դեմքը չի երևում: Թատրոններում աշխատում են նվիրյալ մարդիկ՝ առանց շահախնդրության, ցածր աշխատավարձ են ստանում։ Իսկ ինչպե՞ս պիտի գնահատվի դերասանի աշխատանքը. դա պիտի երևա նաև ֆինանսներից, այս հարցերը բոլոր նախարարների առջև բարձրացրել ենք»,- ասաց նա։

Էլբակյանը նշեց, որ իրենք հակված են իրականացնել այն ծրագիրը, որով որոշել են տանել իրենց թատրոնը։ Էլբակյանն ասաց, որ երբեք չի ակնկալել, թե ինչ-որ մեկն իրեն պիտի պահի, աշխատել է, փորձել այն, ինչ մտածում է այս աշխարհի մասին, բեմից հաղորդել։

«Մեր երկիրը փոքր է, մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի է դատապարտված Հայաստանը, ինչ հարևաններ ունի, ինչ իրավիճակ է մեր շուրջը, ու լավ հասկանում ենք, որ շատ ավելի առաջնային բաներ կան, որոնք անհրաժեշտ է իրականացնել, որ խաղաղություն լինի, մեր սահմաններն ամուր լինեն։ Այն պահից, ինչ եկել եմ, մենք ոչ մի պետպատվեր չենք ստացել, բայցի «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման համար տրված գումարից, որն ուղղակի սիմվոլիկ մի գումար էր, որովհետև նախարարությունը շահագրգռված էր, որ այդ գործը լինի՝ ձեզ հասկանալի պատճառներով»,- ասաց նա։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թե ինքը, թե Արմեն Էլբակյանը, իրենց տեսակով աշխատող մարդիկ են։ Նա նոր նախարարին մաղթեց դրական, կառուցողական գործունեություն։

«Մենք մեր գործն ենք անում, չենք ասում՝ գնում ենք գործի, ասում ենք՝ գնում ենք թատրոն։ Աշխատում ենք, ունենք ստանձնած պարտավորություններ, իրականացնում ենք դրանք. եթե համակարգը կօգնի մեզ, շատ ավելի արագ առաջ կգնանք, եթե չօգնի՝ մենք, միևնույն է, կշարունակենք աշխատել»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե թատրոնի ղեկավարության աշխատանքից դժգոհություններ կան, նշում են, օրինակ, որ երկար ժամանակ չեն թարմացվում ներկայացումների աֆիշաները։ Վարդան Մկրտչյանն ասաց՝ կնախընտրեր, որ ավելի շուտ տեղ հասնեին և արձագանք գտնեին լավ լուրերը և երևույթները, քան լուրեր, որոնք ոչ իրականությանն են համապատասխանում, ոչ էլ արժեք ունեն:

«Եթե այսօր ես ինձ թույլ տամ թերագնահատել կամ վատ բան ասել ձեր հասցեին, գոնե ձեր լրագրողական մակարդակը կամ դրա հիսուն տոկոսը պիտի ունենամ, հակառակ դեպքում դա դառնում է փողոցային խոսակցություն: Մայր թատրոնի աֆիշային և վիզուալ քաղաքականությունը փոխվեց, երբ եկա այստեղ, հրավիրեցինք քաղաքի լավագույն գրաֆիկական դիզայներներից մեկին, սկսեցինք Մեծապատիվ մուրացկաններից։ Նրա արած յուրաքանչյուր աֆիշ մեկ արվեստագետի աշխատանք է, անհնար է անմիջապես բոլոր աֆիշները փոխել, բացի այդ, մենք ունենք առաջնահերթություններ, դրանք նոր պատրաստվող ներկայացումներն են, և բնականաբար՝ դիզայները հաջորդիվ սկսեց դրանք անել, ինքն էլ նայեց ներկայացումները ու սկսեց առաջարկ անել՝ ուզում եմ, ասենք, «Մուսալեռը» անել։ Պետք չէ շահարկել, ժամանակ է պետք, չի կարելի մարդուն ճզմել, ասել՝ ամեն ինչ պետք է փոխել»,- ասաց նա:

Էլբակյանը նշեց՝ թատրոնում երկու տեսակ ռեժիսորներ են լինում, մի տեսակը նրանք են, ովքեր ռեժիսոր-հեղինակներ են, մյուսները՝ ռեժիսոր-իլյուստրատորները, այսինքն՝ ովքեր իլյուստրացնում են ստեղծագործությունը՝ ինչպես կա, բայց եթե թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար, ուրեմն՝ նրա գեղարվեստական մտածողությամբ է առաջ գնում թատրոնը։

«Ես աշխատում եմ մեծ մասամբ դերասանների հետ, որոնք իմ դպրոցը չեն ավարտել, այլ ռեժիսորի դպրոց են անցել, ուրեմն՝ ինչու՞ այն ժամանակ չէր գրվում՝ Շահվերդյանի մենաշնորհն է. իր կադրերն էին այստեղ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը դրանից չի դժգոհում, այդ կադրերի հետ աշխատել է, աշխատավարձերը բարձրացրել։ Նա ընդգծեց՝ եթե մենաշնորհ ուզեր, աշխատանքից կհաներ բոլորին, կբերեր իր սաներին։ «Այնքան չարացած, կիսագրագետ և անդաստիարակ մարդիկ կան, եթե բոլորին սկսեմ պատասխանել՝ ու՞ր կհասնեմ»,- նշեց Էլբակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում