Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի»

Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի»

Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական մրցույթը։ Խաչատրյանի 14-րդ մրցույթն այս տարի անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած երիտասարդ երաժիշտները կպայքարեն լավագույն թավջութակահարի կոչման համար։

Panorama.am-ին մրցույթի կազմակերպիչները հայտնեցին, որ Խաչատրյանական մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեր ժամանակների լավագույն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են հեղինակավոր թավջութակահարներ։ Նրանց թվում է միջազգային մրցույթների դափնեկիր, մենակատար, կամերային երաժիշտ Վիկտոր Ուզուրը։

Վերջինս ակնկալում է, որ Խաչատրյանի մրցույթի ընթացքում մասնակիցները կունենան արդար և անզիջում պայքարի հնարավորություն, կապահովվեն լավագույն պայմանները։

«Խաչատրյանի միջազգային մրցույթը վերջին տարիներին ապացուցել է, որ և՜ կազմակերպչական, և՜ գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի։ Այն հիանալի հարթակ է երիտասարդ արտիստների համար»,- ասում է ժյուրիի անդամը։

Վիկտոր Ուզուրը նկատում է, որ խաչատրյանական մրցույթում կցանկանար տեսնել տաղանդավոր, նվիրված և խանդավառ երաժիշտների, որոնց համար թանկ է իրական արվեստը։

Նա նաև նշեց, որ որպես ժյուրիի անդամ՝ մրցույթի մասնակիցներին գնահատելիս ուշադրություն է դարձնելու ինչպես ստեղծագործության ներկայացման ձևին, այնպես էլ գեղարվեստական մեկնաբանմանը։ Ըստ նրա՝ երաժիշտը պետք է ունենա գերազանց տեխնիկական հմտություններ և առանձնահատուկ ոճ։ Փորձառու թավջութակահարը երիտասարդ երաժիշտներին խորհուրդ է տալիս լավ պատրաստվել մրցույթին, կենտրոնացնել ուշադրությունը, պահպանել ներշնչանքն ու էներգիան։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տարածաշրջանի ամենահեղինակավոր երաժշտական ստուգատեսն է։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է և անցկացվում է միջազգային չափանիշներին համապատասխան։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում