Գաղտնագիր հղումներ

Գաղտնագիր հղումներ

Մի կյանք առաջ լռություն է:
Ոչ մի ակնարկ:
Ոչ մի նշան:
Գաղտնաբացի ոչ մի հուշում:
Զուտ անանուն տագնապների
շարքը անկարգ
մի գլխիվայր ցուցանակ է մատնանշում:
Ընթեռնելին
քառանկյունն է ճերմակության`
բանադրված սևի զգույշ շրջանակով,
ու երկինքը համատարած
վերմակությամբ
ծանրանում է երկրի վրա`
սպառնալով չհաշվառված եղանակով
և անզավակ անձրևներով:
Բանադրված
տարածության ժամանակը թզաչափով
կրճատում է ժամանակի տարածությունն
ամեն վայրկյան,
ամեն վայրկյան
ամենամահ-ամենակյանք Տիրոջ աջից
պակասում է խոնարհ շարքով
անվանադիր ներկայությունն այս վայրերի,
ու երդման պես անհայրենիք աղուհացով
պարպություն է տարընթերցվում
ցուցանակին անընթերցող…

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում